Մատչելիության հղումներ

Օգոստոսի 8-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին: Աշխարհի ամենաբութ ոստիկանը, եթե նույնիսկ ոչ մի իրավաբանական, անգամ՝ ոչ մի բարձրագույն կրթություն չունի, պետք է որ հասկանա՝ եթե ծեծից տուժողը չի մահացել, դա մի հոդված է, իսկ եթե մահացել է՝ մեկ այլ հոդված։ Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ է պետք դա հասկանալու եւ գործը վերաորակելու համար։ Մի քանի ժա՞մ, մի քանի օ՞ր: Ոչ, պարզվում է, հայ ոստիկանական քննիչներին տուժողի մահն արձանագրելու եւ քրեական գործին «նոր աչքով» նայելու համար պետք եղավ մեկ ամսից ավելի, որովհետեւ վերաորակման որոշումը կայացվել է հուլիսի 31-ին: Չեմ բացառում, որ գործի բոլոր հանգամանքները մեզ՝ հասարակությանը, հայտնի չեն, եւ քննիչներն ունեին օբյեկտիվ պատճառներ՝ այդքան երկար մտածելու: Բայց այն բանից հետո, երբ եղան բազմաթիվ հրապարակումներ, ելույթներ, երբ հանդես եկան նաեւ տուժողների իրավահաջորդների փաստաբանները, ոստիկանությունը պարտավոր էր հանդես գալ պարզաբանումներով: Հակառակ դեպքում լռությունը միայն խորացնում է մեր կասկածները, որ իշխանությունը, հայտնի պատճառներով, ցանկանում է գործը, ինչպես ասում են, «ջրել», ինչի հետեւանքով այս մարդասպաններին սպասում է Կուկուի շատ թեթեւ պատիժը»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան - Վլադիմիր Պուտին հանդիպմանը` «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Պուտինն անելու է «առաջարկություն, որից հնարավոր չէ հրաժարվել»: Խոսքը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին է: Այն, որ հենց այս հարցն է Սարգսյան -Պուտին հանդիպման հիմնական օրակարգը, արդեն հաստատել են նաեւ պաշտոնական աղբյուրները: Եվ ահա այդ հանդիպման նախօրեին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հրապարակել է հայ – ռուսական տնտեսական գործակցության` այս տարվա առաջին հնգամսյակի ցուցանիշները` ավելորդ անգամ հիշեցնելով, թե ով է Հայաստանի հիմնական, եթե ոչ միակ առեւտրային գործընկերը: ՌԴ մաքսային ծառայության ներկայացրած հաշվետվության մեջ մանրամասն կերպով թվարկված են Հայաստանի տնտեսության այն բոլոր ռազմավարական նշանակության ճյուղերը, որոնք այսօր հանձնված են ռուսներին. սկսած «Հայռուսգազարդ»-ից, «Հայկական երկաթուղիներ»-ից, էլցանցերից, ավարտած Հայաստանի ատոմակայանով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկով եւ հեռահաղորդակցության ոլորտով: Թե որն է այս հաշվետվությունը հենց Սերժ Սարգսյանի այցելության ու Եվրասիական միությանն անդամակցելու հարցի քննարկումից մեկ օր առաջ հրապարակելու նպատակը, կարծում ենք, ակնհայտ է. դրանով Ռուսաստանը շատ հստակ մեսիջ է ուղարկում Հայաստանի եվրոպամետ իշխանություններին` հիշեցնելով, որ մեր երկրի ոչ միայն անվտանգությունը, այլեւ տնտեսությունը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է, եւ ցանկացած պահի Ռուսաստանը կարող է կաթվածահար անել Հայաստանի ողջ տնտեսական համակարգը»:

Վկայաբերելով ռուս հայտնի երգիչ Անդրեյ Մակարեւիչի` նախագահ Պուտինին հասցեագրած նամակը, որում Մակարեւիչը Ռուսաստանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել էր երկրում տիրող կոռուպցիայի վրա` «Հրապարակ» օրաթերթը համեմատում է. - «Ինչո՞ւ մեզանում երբեւէ նման հստակ, հատու, ազնվական խոսք չենք լսում: Ինչո՞ւ մեր մտավորականներն իրենց դժգոհությունը չեն բարձրաձայնում, չեն դիմում նախագահին, չեն ասում ճշմարտություններ, որոնք նա կարիք ունի լսելու, որ երբեմն էլ սթափվի այն քծնանքից, որն անընդհատ լսում է, եւ որը կարող է միայն զգոնությունը բթացնող դեր խաղալ: Ինչո՞ւ մեր երգիչ-երգչուհիներից, հաղորդավար-գրող-նկարիչ հանրությունից մեկը նման ընդվզում չի ունենում: Եվ անգամ հարցազրույցներում, որ տալիս են մեզ, ամեն ինչ անում են իշխանության զայրույթը չառաջացնելու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG