Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի առջեւ մոմավառություն-ակցիա տեղի ունեցավ


Հայաստան -- Մոմավառություն «Հարսնաքար»-ի առջեւ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ․
Հայաստան -- Մոմավառություն «Հարսնաքար»-ի առջեւ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ․
Այսօր երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցավ մոմավառություն հայոց բանակի սպա, զինվորական բժշիկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ:

Հիշեցնենք` հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Ակցիային մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ եւ մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ։ Նրանք կրում էին պաստառներ՝ պահանջելով պատժել սպանության մեղավորներին։

«Հարսնաքար» ռեստորանի մոտ մեծ թվով ոստիկաններ կային, ովքեր ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մտնել ռեստորանի տարածք, եւ վերջիններս մոմավառությունն իրականացրեցին ռեստորանի առջեւ` մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Վահե Ավետյանի հիշատակին։

Այնուհետեւ նրանք երթով շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին ակցիա անցկացնել նաեւ Հայրապետյանի տան մոտ, չնայած փոքր ակցիա տեղի ունեցավ. երթի մասնակիցները ցուցադրաբար թիկունքով շրջվեցին դեպի առանձնատունը եւ վառված մոմերը ձեռքերին` մի պահ լռությամբ կրկին հիշեցին Վահե Ավետյանին։

«Այս արյունը պետք է լինի վերջինը, որը սադիզմի հետեւանք է, ընդ որում` ոչ թե թշնամիների, այլ` յուրայինների կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Մարդիկ բողոքում են` գալիս են մոմավառության, բողոքի երթերի են դուրս գալիս, կարծում եք` չե՞ն վստահում Հայաստանի իրավապահ մարմիններին, որ գործը կբացահայտվի», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ալավերդյանը արձագանքեց. - «Ես թույլ կտամ ինձ խոսել իմ անունից` այո, ես չեմ վստահում։ Քանի որ ես արդեն երեւի 20 տարուց ավել է` զբաղվում եմ քաղաքացիների դատական գործընթացների մոնիտորինգ անելով եւ պետք է նշեմ` այո, փոփոխություններ դրական կան, բայց դրանք այնքան աննշան են, որ կարծես թե մենք գործ ունենք կոկորդիլոսի հետ, որը թռչում է. կոկորդիլոսն էլ է, պարզվում է, որ թռչում է, բայց` շատ ցածր։ Այսինքն, այդ տեմպերով եթե մեր համակարգը պիտի բարեփոխվի, ապա մեր ճանապարհը` իրավական պետություն դառնալու, երկարելու է տասնյակ տարիներ»։

Բողոքի ակցիան, երթը, ի վերջո, ավարտվեց առանց միջադեպերի` Ռուբեն Հայրապետյանի առանձնատնից մոտ 200 մետր հեռավորության վրա, ուր բազմահարկ շենքերի բակում փոքրիկ մի հրապարակում ելույթ ունեցան քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուքասզյանը, Դավիթ Սանասարյանը` պահանջելով պատժել ողբերգության բոլոր մեղավորներին։

please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG