Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը կարող է հատել Սիրիայի հետ սահմանը


Թուրքական զինուժը Սիրիայի հետ սահմանի մոտակայքում, 30-ը հուլիսի, 2012թ.
Թուրքական զինուժը Սիրիայի հետ սահմանի մոտակայքում, 30-ը հուլիսի, 2012թ.
Անկարայում չեն բացառում Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին թուրքական բանակի միջամտության հնարավորությունը: Այս մասին կիրակի երեկոյան A-Haber լրատվական ալիքի եթերում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով` պաշտոնական Անկարան այդ քայլին կարող է դիմել Սիրիայի տարածքից քուրդ զինյալների անցումը դեպի Թուրքիա կանխելու համար:

«Նախկինում, երբ Բաշար Ասադը Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ուներ, նա պատրաստակամություն էր հայտնում խզել Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ ունեցած բոլոր կապերը: Այժմ, սակայն, մենք պարզել ենք, որ նա շարունակում է աջակցել քուրդ զինյալներին», - հայտարարեց Էրդողանը:

Այս հարցազրույցի ընթացքում Էրդողանը նաեւ ակնարկել է, թե որը կարող է լինել Սիրիայում թուրքական միջամտության պատրվակը:

«Մեր բանակի երեք ստորաբաժանումներ այժմ զորավարժություններ են անցկացնում Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ [Օսմանյան կայսրության հիմնադիր] Օսման առաջինի պապի` շահ Սուլեյմանի գերեզմանը գտնվում է Սիրիայում, սակայն համարվում է թուրքական տարածք: Ուստի ցանկացած թշնամական արարք, որ կիրականացվի շահ Սուլեյմանի դամբարանի դեմ, կդիտարկվի որպես հարձակում Թուրքիայի, համապատասխանաբար` ողջ ՆԱՏՕ-ի դեմ», - ասել է Էրդողանը:

Սիրիայի տարածքում գտնվող շահ Սուլեյմանի դամբարանը արդեն մի քանի տասնամյակ է ինչ հսկում են թուրք զինվորականները: Այդ իրավիճակը ամրագրված է անգամ թուրք - սիրիական հատուկ համաձայնագրով:

Թուրքական իշխանությունների իրական մտահոգությունները, սակայն, առավելապես կապված են սիրիական սահմանին նկատվող քրդական ակտիվության հետ:

Վերջին մի քանի շաբաթներին քուրդ զինյալների հարձակումների թիվը թուրք - սիրիական սահմանի մերձակա շրջաններում աճել է: Կիրակի օրը կատաղի մարտ է տեղի ունեցել Հաքյարի գավառում, որի ընթացքում զոհվել է 8 թուրք զինվորական եւ 14 քուրդ զինյալ:

Պաշտոնական Անկարային մտահոգում է նաեւ այն փաստը, որ Սիրիայի հյուսիսային` քրդաբնակ շրջանները վերջին երկու շաբաթների ընթացքում անցել են տեղական քրդական ուժերի հսկողության տակ:

Որոշ տեղեկությունների համաձայն` Բաշար Ասադի վարչակազմը, կենտրոնանալով Հալեպի ճակատամարտի վրա, հյուսիսային շրջանների կառավարումը հոժարակամ հանձնել է քրդական ուժերին:

Փաստորեն, գրեթե նույնությամբ կրկնվում են 90-ականներին Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրեցին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ստեղծմանը:

Սրան էլ գումարած` Սիրիայի հյուսիսում ստեղծված անկայունությունն ու փաստացի անիշխանությունը Օջալանի կուսակիցների համար աննախադեպ նպաստավոր պայմաններ են ստեղծում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարեց Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ, Ադանայից ընտրված պատգամավոր Օմեր Չելիքը:

«Մեր հետախուզությունը հավաստի տեղեկություններ ունի, որ սիրիական բանակը, ըստ ամենայնի, Աֆրինի եւ Կոբանիի գավառներից հեռանալու ընթացքում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին ծանր զինատեսակներ է հանձնել», - նշել է թուրք պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG