Մատչելիության հղումներ

Տկաչովը կոչ է անում պայքարել կովկասցիների դեմ


Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչով, արխիվային լուսանկար
Առաջիկա մեկուկես տարում Կրասնոդարի երկրամասի իշխանությունները շուրջ 800 միլիոն ռուբլի (շուրջ 24.5 միլիոն դոլար) կտրամադրեն «կազակական ոստիկանության» ստեղծմանը: Այս մասին անցած շաբաթավերջին` Կրասնոդարի երկրամասի իրավապահների հետ դռնփակ խորհրդակցության ժամանակ, հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը` չթաքցնելով, որ կազակների միակ առաքելությունը լինելու է կովկասցիների դեմ պայքարը:

«Այն, ինչ ոստիկանին չի թույլատրվում, թույլատրելի է կազակի համար: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք մղելու [ներգաղթյալներին], կարգուկանոն ենք հաստատելու, ստուգելու ենք փաստաթղթերը, զբաղվելու ենք միգրացիոն քաղաքականությամբ, ճշտելով` ինչու է այս կամ այն անձը որոշել տեղափոխվել մեր երկրամասի տարածք: Դա թույլ կտա խուսափել իրավիճակից, երբ մարդիկ ուրիշ վայրերից կփորձեն հենց այնպես գալ Կրասնոդարի երկրամաս եւ, ասենք, սկսեն զբաղվել անօրինական բիզնեսով: Այդ մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է Կրասնոդարի երկրամաս չգալ», - նշել է Տկաչովը:

Նրա խոսքով` պատահական չէ, որ ներգաղթի դեմ պայքարում իր ընտրությունը կանգ է առել հենց կազակների վրա, քանի որ բնակչության այդ խումբը դարերի ընթացքում ռազմական լուրջ փորձ է կուտակել:

«Նախկինում էլ, երբ անհրաժեշտ էր լինում, կազակները թողնում էին իրենց հողակտորներն ու կռվում երկրամասից շատ հեռու` Թուրքիայում, Երեւանում, պաշտպանում էին Անդրկովկասը, այդ իսկ պատճառով էլ այս հողերն ի վերջո դարձել են Ռուսական կայսրության մի մասը», - հայտարարել է նահանգապետը:

Դիմելով տեղացի իրավապահներին` Տկաչովն անգամ չբացառեց, որ ապագայում եկվորների եւ տեղացի ռուսների միջեւ կարող են արյունալի կոնֆլիկտներ ծագել:

«Նախկինում ինձ թվում էր, որ մեր հարեւան Ստավրոպոլի երկրամասը յուրատեսակ ֆիլտրի դեր կկատարի Կրասնոդարի եւ Կովկասի միջեւ: Այժմ ես տեսնում եմ, որ դա այլեւս այդպես չէ, եւ հաջորդը մենք ենք: Ստավրոպոլը հանգել է մի իրավիճակի, երբ ռուս մարդն իրեն այնքան էլ լավ չի զգում այնտեղ: Իսկ ո՞վ է պատասխան տալու, երբ հեղվի առաջին արյունը, երբ սկսվեն ազգամիջյան հակամարտությունները: Իսկ այդ ամենն ուշ թե շուտ լինելու է», - ասել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը:

Ուշագրավ է, որ դռնփակ խորհրդակցության ժամանակ Տկաչովի հնչեցրած հայտարարությունների ձայնագրությունն ընդամենը մի քանի ժամում հայտնվեց համացանցում` համապետական սկանդալի առիթ տալով: Ռուսաստանյան ընդդիմադիր «Յաբլոկո» եւ անգամ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների մի շարք ազդեցիկ անդամներ անցած օրերին դիմեցին դատախազությանն ու Քննչական կոմիտեին` Տկաչովի հայտարարությունների օրինականությունը ստուգելու պահանջով:

«Յաբլոկո»-ի ղեկավար Սերգեյ Միտրոխինը, օրինակ, պնդում էր, որ իր հայտարարություններով Տկաչովը Ռուսաստանի քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդված է խախտել` ծայրահեղական կոչեր հնչեցնելով եւ ազգամիջյան թշնամանք հրահրելով:

«Եդինայա Ռոսիա»-ի անդամ Ալեքսանդր Սոկոլովը մոսկովյան «Վեդոմոստի» թերթի հետ զրույցում նշել է, որ Տկաչովն այս քայլով փորձում է հոկտեմբերին կայանալիք տեղական ընտրություններից առաջ բարձրացնել իր վարկանիշը:

«Կոմերսանտ» պարբերականն էլ հիշեցնում է, որ 2010 թվականի մարդահամարի տվյալներով` Կրասնոդարի երկրամասի ամենամեծաքանակ ազգային խումբը ռուսներից հետո հայերն են, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են ազգաբնակչության մոտ 5.5 տոկոսը: Պաշտոնական տվյալների համաձայն` հայերի մեծ մասը կենտրոնացած է երկրամասի առափնյա շրջաններում, մասնավորապես` Սոչիում հայերը կազմում են բնակչության 14, իսկ Տուապսեում` 8 տոկոսը:

Սրանք Տկաչովի առաջին ազգայնական հայտարարությունները չեն: Դեռ 10 տարի առաջ` 2002 թվականի գարնանը, Աբինսկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Տկաչովը հայտարարել էր. - «Օրինական է ներգաղթյալը թե անօրինական` կարելի է ստուգել նրա ազգանվան վերջավորությամբ: «Յան»-ով,«շվիլի»-ով, «ձե»-ով եւ «օղլի»-ով ավարտվող բոլոր ազգանունները, ինչպես նաեւ դրանց կրողները օրենքից դուրս են»:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG