Մատչելիության հղումներ

ՀՀԿ թեկնածուին չսատարող պատգամավորի կնոջը հեռացրել են աշխատանքից


Հայաստան - Ընտրություններ հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ
Հայաստան - Ընտրություններ հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ
Հանրապետական կուսակցության պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գեւորգյանին, երեկ ազատել են Թալինի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից։

Խոսքը հանրապետական այն պատգամավորի մասին է, ով, ըստ թալինցիների, Թալինում առաջիկա կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններում, դեմ գնալով Հանրապետականի որոշմանը, չի սատարում ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածու Սարգիս Արամյանին: Ինչպես Արամյանի շտաբում էին պնդում, նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելում է նրա նախկին աշխատակիցը՝ Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը:

Ինքը՝ Մնացական Մնացականյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ մնալով կոնկրետ թեկնածուների անուն տալուց, հայտարարեց, որ իր թեկնածուն նա է, ում ժողովուրդն է ընտրելու:

«Ձայներն իմ գրպանում չեն, որ ինչ-որ մեկին նվիրեմ», - ասաց նա։

Պատգամավորը հաստատեց, որ իր կնոջը երեկ ազատել են Թալինի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից. Թամարա Գեւորգյանը աշխատանքից ազատվել է Արագածոտնի հանրապետական մարզպետ Սարգիս Սահակյանի հրամանով։

«Ինքը երկար է աշխատել հիվանդանոցում, արդեն 3 տարի տնօրենն էր։ Երեկվանից ինքը մարզպետի կարգադրությամբ ազատված է աշխատանքից», - նշեց Մնացականյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ սա ճնշման փորձ չէ՞ արդյոք, պատգամավորն արձագանքեց․ - «Ինձ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել։ Ոչ մեկը չի կարող ինձ պատժել, առավել եւս այդ մարզպետը»։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 15 ընտրատարածքից Մնացական Մնացականյանի պատգամավոր ընտրվելուց եւ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց։ Այժմ 5 թեկնածուներ են մրցում։ Թալինցիները առավել ակտիվ մրցակցություն ակնկալում են Հանրապետականի ճամբարի մրցակից երկու թեկնածուների եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի միջեւ:

Հանրապետականի ճամբարում լարվածությունը մեղմելու նպատակով մինչ թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետի ավարտը՝ հուլիսի 26-ը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել է Թալին։ Նրա հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Մնացական Մնացականյանը, սակայն, ըստ թալինցիների՝ Մնացականյանի աջակցությունը վայելող Վորոշ Խաչատրյանը այդպես էլ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Օրերս էլ Հանրապետականը սկսեց հայտարարել, որ բոլոր կուսակցականները պարտավոր են իրականացնել կուսակցության որոշումները։ Այս հայտարարությունից հետո հենց տեղի ունեցավ պատգամավորի տիկնոջ պաշտոնանկությունը։

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Թամարա Գեւորգյանին աշխատանքից ազատելու պատճառը «վատ աշխատանքն է»՝ խորհուրդ տալով այդտեղ քաղաքական դրդապատճառներ չփնտրել։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հենց ընտրությունների նախօրեին սա տեղի ունեցավ, մարզպետը պատասխանեց՝ նոր է ուսումնասիրվել։

«[Պատգամավորի նկատմամբ] նման հաշվեհարդար չի կարող լինել։ Մենք կուսակցական ենք, ունենք հզոր կուսակցություն՝ ի դեմս երկրի նախագահի», - հայտարարեց մարզպետը։

Ինչ վերաբերվում է մյուս երեք թեկնածուներին՝ ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանին, անկուսակցականներ Գագիկ Կարապետյանին ու Էդվարդ Գրիգորյանին, նրանք անհաղորդ են խմորումներին եւ իրականացնում են սեփական քարոզարշավը:

Մեր զրուցակից թալինցիներն էլ ասում էին, որ իշխանական ճամբարում առաջացած լարվածությունը քիչ է անդրադառնում շարքային քաղաքացիների վրա։

Թալինի ընտրողների թիվը շուրջ 5000 է:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG