Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խստացրել է «Հարսնաքար»-ի գործով մեղադրանքները


Ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքար»-ի գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, եւ եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության Երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում է նախաքննությունը:

Այվազյանը հավելեց, որ վերաորակավորման մասին որոշումը կայացվել է երկու օր առաջ` հուլիսի 31-ին:

Գլխավոր տարբերությունը հետեւյալն է` եթե նախկինում մեղադրանքն ուներ այս ձեւակերպումը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապա նոր ձեւակերպումն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Տարբերություն կա նաեւ առաջարկվող պատժաչափերի առումով: Քանի որ ավելացել են երկու հոդվածներ, ենթադրվում է, որ այդ հոդվածների համար նախատեսված պատժաչափերը կգումարվեն ու կառաջարկվի ավելի երկար պատժաչափ:

«Նախկինում նրանց մեղադրանքը առաջադրված էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում էր նրանում, որ մի խումբ անձանցով մի քանի անձանց առողջությանը պատճառել են ծանր վնաս։ Հիմա արդեն մեղադրանքները փոփոխվել են։ Մասնավորապես, փոփոխման հիմք է հանդիսացել այն, որ մարմնական վնասվածքի հետեւանքով Վահե Ավետյանը դժբախտաբար մահացել է», - նշեց Արսեն Այվազյանը։

Այվազյանը շարունակեց, թե մեղադրանքների փոփոխման հիմք է հանդիսացել նաեւ այն, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզել են` 5 տուժողներից երկուսին` Արտակ Բայադյանին ու Գարիկ Սողոմոնյանին, պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ մյուս երկուսի` Արկադի Աղաջանյանի ու Էդգար Նիկոյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

«Թույլ տվեք ձեզ ներկայացնել մեղադրանքի հոդվածները՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետեր, ինչպես նաեւ 118-րդ հոդված»

Այվազյանը հավելեց, թե Վահե Ավետյանի մասով նոր` խստացված մեղադրանքը (Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկորդ մասի 14-րդ կետ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին էլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG