Մատչելիության հղումներ

«Համակարգային խնդիրներում լուրջ տեղաշարժ չի նկատվում»


Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում
Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում
«Թեեւ Վրաստանի կառավարությունը հարգում է երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների իրավունքները, այնուհանդերձ, 2011 թվականն աչքի ընկավ մի շարք եկեղեցիների` այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումներով», - ասված է կրոնական ազատության մասին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում:

Պետքարտուղարության հրապարակած այս փաստաթղթի` Վրաստանին նվիրված հատվածում մանրամասնորեն նկարագրվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված կացությունը։

«Համակարգային խնդիրներում` ինչպես, օրինակ, վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձի հարցում, լուրջ տեղաշարժ չի նկատվում: Վրաց ուղղափառ եկեղեցուց բացի, կոմունիստական դարաշրջանում բռնագրավված եկեղեցական ունեցվածքի վերադարձ են պահանջում նաեւ Հայ Առաքելական եկեղեցին ու կաթոլիկները: Այս վերջին երկու կրոնական խմբերի ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունները չեն փորձում որեւէ ընդառաջ քայլ կատարել` վախենալով իրենց դեմ տրամադրել ընտրազանգվածի այն հատվածին, որը գտնվում է Վրաց ուղղափառ եկեղեցու ազդեցության տակ», - գրում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնական մտահոգությունները կապված են վիճելի վեց եկեղեցիների ճակատագրի հետ. - «Դրանցից հինգը Թբիլիսիում են, եւս մեկը` Ախալցխայում»:

Ընդհանուր առմամբ, ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, վիճելի եկեղեցիների ընդհանուր թիվը Վրաստանում մոտ երեք տասնյակն է:

Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ վիճելի եկեղեցիներից մի քանիսն անցած տարիներին վերանորոգվել են Վրաստանի մշակույթի նախարարության միջոցներով. - «Այդ նպատակով վրացական պետբյուջեից մոտ 30 հազար դոլար է ծախսվել»:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ, սակայն, կրոնական ազատությունների բնագավառում 2011-ին տեղի ունեցած առանցքային իրադարձությունը անցած տարվա ամռանը Վրաստանի խորհրդարանի կողմից այն օրենքի ընդունումն էր, որը հնարավորություն տվեց փոքրամասնությունների եկեղեցիներին հստակ իրավական կարգավիճակ ստանալ:

«Օրենքի ընդունմանը հաջորդեց կրոնական փոքրամասնությունների դեմ հայտարարությունների աճը: Դրանց հեղինակներն էին վրաց հոգեւորականները, որոշ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ ու գիտնականներ: Օրենքի ընդունմանը հաջորդեց Հավլաբարի հայկական եկեղեցու պատին վիրավորական արտահայտություններով գրաֆիտիների ի հայտ գալը: Այդ դեպքը ոստիկանությունը խուսափեց հետաքննել` պնդելով, թե այդ գրառումները մասնավոր սեփականություն հանդիսացող տան պատին են հայտնվել: Ի վերջո, միայն Թբիլիսիի քաղաքապետի միջամտությունից հետո վիրավորական գրառումները մաքրվեցին», - նշում են զեկույցի հեղինակները` վիճահարույց օրենքի ընդունմանը հաջորդած եւս մեկ միջադեպի մասին հիշեցնելով. - «2011-ի օգոստոսին արդեն, երկու անձինք մուտք գործեցին Հավլաբարի հայկական եկեղեցու տարածք, պղծեցին Աստվածաշունչն ու փորձեցին հրդեհել շենքի բակը: Այս դեպքում ոստիկանությունը արարքի հեղինակներից մեկին խուլիգանության մեղադրանք ներկայացրեց, սակայն Հայ Առաքելական եկեղեցու եւ կասկածյալի ընտանիքի միջեւ բանակցությունների արդյունքում գործը կարճվեց։ Խուլիգանության մեջ մեղադրված անձի ընտանիքը հրապարակավ ներողություն խնդրեց, ինչից հետո հայ եպիսկոպոսը ազդարարեց կողմերի հաշտեցման մասին»։

Պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները նաեւ ընդգծում են, որ չնայած վրաց հանրության շրջանում երբեմն ի հայտ եկող այլատյացության դրսեւորումներին` պաշտոնական Թբիլիսին անում է հնարավորը լարվածությունից խուսափելու համար:

«Հունվարի 6-ին, օրինակ, նախագահ Սահակաշվիլին այցելել է Թբիլիսիի հայկական եկեղեցի` հայտարարելով, որ Վրաստանի հայ բնակչությունը երկրի անբաժանելի մասնիկն է», - նշված է փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG