Մատչելիության հղումներ

Հուլիսի 31-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթը գրում է. - «ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման խիստ դատավճիռը, ըստ էության, անսպասելի էր: Բնականաբար, ոչ ոք չէր ակնկալում, որ մոտ մեկ տարի ձգված, բազմաթիվ անհեթեթ դրվագներով լի դատավարությունից հետո ՀԱԿ երիտասարդներին կարդարացնեին: Բայց եւ` վեց տարվա ազատազրկումը նույնպես անակնկալ էր: Սակայն քանի որ Հայաստանում նման հարցերը վճռվում են բացառապես Բաղրամյան 26-ում եւ բացառապես ներքաղաքական գործընթացների կառավարման համատեքստում, ակնհայտ է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման դատավճիռ է կայացվել` ելնելով որոշակի քաղաքական հաշվարկներից: Հասկանալու համար դրանց էությունը, պետք է նախ վերլուծել, թե ինչ գերխնդիր է իր առջեւ դրել իշխանությունը: Իսկ այս պահին եւ առհասարակ` ընդդիմության հետ կապված իշխանության գերխնդիրը մեկն է` ոչ մի դեպքում թույլ չտալ ընդդիմադիր դաշտի միավորում: Ինչպես կարող էր դրան նպաստել ՀԱԿ ակտիվիստների դառավճիռը` շատ պարզ. խնդիրն այն է, որ այս դեպքում թերեւս դժվար էր միանշանակ պնդել, որ ՀԱԿ երիտասարդները լիովին անմեղ են եւ հարյուրտոկոսանոց քաղաքական հալածյալներ: Այստեղ իրավիճակը միանշանակ չէ, եւ դա շատ լավ գիտակցում են ընդդիմադիր դաշտում: Հետեւաբար, կանխատեսելի էր, որ այս հարցում ընդդիմադիր ուժերի միասնական անձագանք չի լինի` այդպիսով եւս մի քանի սանտիմետրով կամ մետրով խորացնելով ՀԱԿ-ի եւ մնացած ընդդիմադիր ուժերի միջեւ առաջացած ճեղքվածքը»:

«Առավոտ»-ը հետեւյալ հարցն է ուղղում Դավիթ Շահնազարյանին. - «Հայ ազգային կոնգրեսի մղումը՝ ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի գրկից կտրելու, հաջողության ի՞նչ երաշխիք ունի»: Շահնազարյանի պատասխանը. - «Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղեիք ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Ավելի քան ակնհայտ է, որ այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, ուղղակիորեն կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Կա երկու տարբերակ՝ կա՛մ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռանկյունին կստանա իր կողմից ծրագրավորված թեկնածուին, կա՛մ էլ ընդհանրապես այդ եռյակի յուրաքանչյուր տարր առանձին կմասնակցի նախագահական ընտրություններին իր ոչ «այլընտրանքային» թեկնածուով: Արդեն նշել եմ, կրկնեմ՝ այդ եռյակի միասնական թեկնածուն (ով էլ որ լինի) չի կարող որեւէ հնարավորություն անգամ ունենալ ներկայանալու որպես ընդդիմության թեկնածու: Հենց այդ եռյակի եւ նրանց սպասարկող ինչ-որ կառույցների կողմից առաջ է քաշվել երկու կարգախոս, որոնք, ըստ էության, իրենց բովանդակությամբ բացարձակապես նույնն են՝ «միասնական ճակատ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի», եւ որ քաղաքական դաշտում պետք է ձեւավորել «կոնսենսուս՝ հանած Սերժ Սարգսյան»: Ես առաջ եմ քաշում մեկ այլ կարգախոս՝ «կոնսենսուս՝ հանած օլիգարխներ», որի հիմնավորումն արդեն տվել եմ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու զինակիցները ավելի քան չորս տարի խորհրդավոր շշնջում էին միմյանց ականջին. - «Լեւոնը մի բան գիտի»: Ու դա «հիմք» ընդունելով՝ ոգեւորված ծափահարում էին իրենց առաջնորդի վարած «իմաստուն» քաղաքականությանը: «Լեւոնը մի բան գիտի» արտահայտությունը մոգական ազդեցություն էր թողնում զինակիցների շրջանում, որոնք փրփուրը բերաններին արդարացնում էին Տեր-Պետրոսյանի ցանկացած քայլ, ավելին` վստահորեն հայտարարում. - «Շատ շուտով բոլորը կտեսնեն ու կհամոզվեն, որ մեր հաշվարկները ճիշտ էին»: Այսօր, սակայն, ՀԱԿ առաջնորդին երբեւէ կուրորեն հավատացողները մոխիր են լցնում գլխներին ու ողբալով մատնանշում, որ իրենց առաջնորդի քաղաքական հաշվարկները բոլորովին սխալ դուրս եկան: Զինակիցների մի մասը սխալ էր համարում իշխանությունների հետ երկխոսությունը, նրանց մեծ մասը այսօր էլ դեմ է ՀԱԿ - ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, իսկ շատերն էլ ակնարկում, նաեւ հրապարակավ պնդում են, որ խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսն ուղղակի ձախողվեց»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Միջինից մի քիչ բարձր վաստակ ունեցող հայկական ընտանիքն ավելի շուտ կարող է հանգստանալ իսպանական ծովափին, քան հայաստանյան Սեւանի ափին: Գները մեզ մոտ շատ բարձր են, եւ հանգիստն էլ լիարժեք չէ. ոչ կարգին լողափ ունենք, ոչ բարձր սպասարկում, ոչ էլ զվարճությունների բազմազանություն: Եվ չնայած ավիատոմսերի բարձր արժեքին, Իսպանիայում հանգստանալն ավելի էժան է, քան, ասենք, Ծաղկաձորում կամ Ջերմուկում: Եթե փորձենք հասկանալ, թե սա ինչից է, ապա պարզ կդառնա, որ նախ նրանից, որ հայ բիզնեսմենները ձգտում են արագ հարստանալ եւ իրենց ներդրումն արագ ետ բերել: Նրանք երկար սպասելու, հեռահար ծրագրեր կազմելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հավես: Նրանց հիմա է պետք. ինչքան հնարավոր է՝ շատ ու շուտ: Մյուս պատճառն այն է, որ այդ հանգստավայրերն այնքան քիչ են, որ միշտ իրենց սպառողն ունեն՝ անգամ շատ բարձր գների պայմաններում: Ամռան ամիսներին ո'չ Ծաղկաձորում, ո'չ Ջերմուկում, ո'չ էլ Հանքավանում ազատ տեղեր չկան»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG