Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն իր թեկնածուն կառաջադրի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում


ՀՅԴ Գյուրիի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը (ձ) եւ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը:
ՀՅԴ Գյուրիի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը (ձ) եւ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե որ համայնքներում է թեկնածուներ առաջադրելու սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ըստ այդմ` ՀՅԴ-ն թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում եւ մեկ համայնքում կսատարի անկուսակցական թեկնածուին:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցությունը առաջադրելու է Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Այս որոշումը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ՀՅԴ մարզային կառույցի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը, երեկ ընդունել է կուսակցության Գյումրիի կառույցի ներկայացուցչական ժողովը:

Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է: Նա առաջադրվել էր նաեւ 2005 թվականի քաղաքապետի ընտրություններում, սակայն ինքնաբացարկ էր ներկայացրել:

Պարզաբանելով իր այդ որոշումը` Սիմոնյանն այսօր ասաց. - «Ցանկություն չունեցա այդ մթնոլորտում, այդ իրավիճակում մասնակցություն ունենալ այդ ընտրություններին: Առաջին կարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ իրոք այդ ընթացքում չապահովվեց այն քաղաքակիրթ պայքարը, այն քաղաքակիրթ քարոզարշավը, որը ես ինքս պատկերացնում էի»:

Իսկ այս անգամ իրենք գնալու են «մինչեւ վերջ», - շարունակեց նա: - «Այս ընթացքում որեւէ խնդիր, որեւէ մեկ բան չի կարող մեզ կաշկանդել կամ հետ պահել այս պայքարից»:

Սիմոնյանն իրեն համարում է այլընտրանքային թեկնածու. - «Միանշանակ: Դուք կարո՞ղ եք ասել, որ այլընտրանքը չեմ: Ես հաստատ այլընտրանքն եմ»:

Գալիք ընտրությունների շուրջ ստեղծված լարվածությունը Դաշնակցության թեկնածուն բնական է համարում. - «Պետք է լարված լիներ: Գաղտնիք չէ, որ կա նախագահական ընտրություններ: Իմ կարծիքով, այն, որ շատ կարեւորվում է այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները, ցավոք սրտի, կապված է նաեւ նախագահականի հետ: Եվ դա խանգարում է իրականում տեղական ինքնակառավարման մարմիններում մեր բնակչության ավելի ճիշտ մոտեցմանը եւ իր ընտրությունը ավելի ճիշտ անելուն»:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրելու է պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը, եւ արդեն խոսվում է, թե իշխող ՀՀԿ-ն մտադիր սատարել նրան: Հարցին, թե արդյոք դժվար չի լինի մրցակցել «դաբրո» ստացած թեկնածուի հետ, Սիմոնյանն արձագանքեց. - «Ինչքանո՞վ է դաբրոն սովորական ժողովուրդը ընդունում որպես վերեւից եկած կարգադրանք… Ես մի բան գիտեմ` որոշողը ժողովուրդն է»:

Քաղաքապետ ընտրվելու դեպքում ՀՅԴ թեկնածուն առաջին հերթին կփոխի «քաղաքի մթնոլորտը». - «Եթե դա չի փոխվելու, հավատացեք ինձ` ինչպիսի ծրագիր էլ ներկայացվի, այս քաղաքում որեւէ բան չի փոխվելու: Եթե մթնոլորտը չփոխվի, ես վստահ կարող եմ ասել, որ չի լինի անձ, ով ի վիճակի կլինի միայնակ այս խնդիները լուծելու»:


please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG