Մատչելիության հղումներ

Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել արգելոցում կառուցված սրճարանը


«Ապօրինի շինարարություն»՝ Խոսրովի արգելոցում
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ բնապահպան ու քաղաքացիական ավելի քան երեք տասնյակ ակտիվիստներ, երեկ վաղ առավոտյան ուղեւորվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց։

Արգելոցի տարածքում արդեն մի քանի տարի է, ինչ կառուցվել է մի շինություն, որը, բնապահպան ակտիվիստների պնդմամբ, ապօրինի է եւ պետք է ապամոնտաժվի։

Դեռ 2007 թվականին կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից առանձնացվել է 118 հեկտար, որի վրա հիմնվել է «Գիլան» պետական արգելավայրը։ Դարձյալ 2007 թվականին գործադիրը որոշել էր, որ «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչեւ 60 տարի, գյուղատնտեսական գործունեության համար՝ մինչեւ 10 տարի, եւ խոտհնձի համար՝ մինչեւ 5 տարի ժամկետով։

Այս որոշման հիման վրա «Գիլան» պետական արգելավայրի տարածքում վարձակալության եւ կառուցապատման իրավունքով հողատարածք է տրվել «Հովազաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որն էլ տարածքում իրականացրել է տնտեսական նշանակության կառույցի՝ սրճարանի շինարարություն։

2011 թվականին կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել «Գիլան» արգելավայրի մասին որոշումը եւ տարածքը վերադարձրել է իր նախկին՝ արգելոցային կարգավիճակին, սակայն շինությունը չի ապամոնտաժվել։

Ակտիվիստների այցի պահին շինության ներսում առկա էին ուտելիքի թարմ մնացորդներ, գազի բալոն, սպասք եւ բանվորական գործիքներ։

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի համոզմամբ, դեռ 2007 թվականին «Խոսրովի արգելոցի» տարածքում «Գիլանի» արգելավայր հիմնելը անհեթեթ որոշում է եղել։

«Այս կառույցը, որի մեջ հիմա կանգնած ենք, քաղցկեղի նման մի բան է, որը միտում ունի ընդլայնվելու ու գնալու դեպի Կաքավաբերդ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ակտիվիստը՝ մանրամասնելով․ - «Արդեն տեսնում ենք, որ այսօր ճանապարհային շինարարություն են սկսել՝ հակահրդեհային անվան տակ։ Անում են, որպեսզի դարձնեն ավելի անցանելի այս տեղերը։ Ինչո՞ւ չապամոնտաժվեց այս կառույցը, ինչո՞ւ է նորից ակտիվություն սկսվել»։

Բնապահպան ակտիվիստները տարբեր գրություններ թողեցին արգելոցի տարածքում կառուցված շինության պատերին՝ «ապամոնտաժել», «ապօրինի է», «հեռացեք» եւ այլն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG