Մատչելիության հղումներ

ԱՄՆ. «Հալեպը լայնամասշտաբ արյունահեղության շեմին է»


Սիրիա - Հալեպի բնակիչները լքում են քաղաքի կենտրոնը կառավարական ուժերի կողմից հրետակոծության հետեւանքով, 26-ը հուլիսի, 2012թ.
Սիրիա - Հալեպի բնակիչները լքում են քաղաքի կենտրոնը կառավարական ուժերի կողմից հրետակոծության հետեւանքով, 26-ը հուլիսի, 2012թ.
Արեւմտյան աղբյուրների պնդմամբ` առաջիկա 24 ժամերը կարող են որոշիչ լինել թե՛ Հալեպի եւ թե՛ ողջ Սիրիայի համար:

Ապստամբներն ու կառավարական ուժերը արդեն մի քանի ժամ է ինչ լուրջ ուժեր են կենտրոնացնում քաղաքում` վերջնական, որոշիչ ճակատամարտից առաջ:

Երկու կողմերն էլ հույս ունեն, որ Հալեպի համար մղվող մարտերում արձանագրված հաջողությունը կարող է շրջադարձային դառնալ ողջ պատերազմի ընթացքում:

Միացյալ Նահանգների իշխանություններն արդեն իսկ զգուշացնում են, որ ավելի քան 2 միլիոն բնակչություն ունեցող Հալեպը կանգնած է լայնամասշտաբ արյունահեղության եզրին:

«Մենք մտավախություն ունենք, որ Հալեպում կարող է իսկական կոտորած սկսվել: Վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարական տանկերի շարասյուններ են տեղակայված Հալեպի մերձակայքում` պատրաստ գրոհել քաղաքը: Բացի այդ, անցած ժամերին կառավարական ուժերը Հալեպում շարունակում էին ռազմական օդուժ կիրառել», - նշել է Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսօր առավոտյան կողմ Հալեպում համեմատական հանդարտություն էր տիրում, միայն պարբերաբար քաղաքի մի շարք հատվածներում գնդացիրների եւ ավտոմատների կրակահերթեր էին լսվում:

Լայնածավալ հարձակման սպասելիքների ֆոնին միջագային հանրության համար առաջին պլան է մղվում Հալեպի քաղաքացիական բնակչության ճակատագիրը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլայն այսօր Ժնեւում կոչ արեց թե՛ կառավարական զորքերին եւ թե՛ Սիրիական ազատ բանակին` ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությանը:

«Դա առանձնահատուկ կարեւորություն է ստանում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ լուրջ զինված հակամարտության հավանականությունը Հալեպում գրեթե անխուսափելի է: Երկու կողմերն էլ պետք է հանդես գան հստակ երաշխիքներով` տարբերակելով քաղաքացիական եւ ռազմական թիրախները», - հայտարարեց Պիլայը` ընդգծելով. - «Հալեպում ուժերի կուտակման մասին տեղեկությունները որեւէ լավ բան չեն խոստանում քաղաքի բնակչությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG