Մատչելիության հղումներ

Հուլիսի 27-ի մամուլ


Պնդելով, որ անիմաստ ու վնասաբեր է «կագեբեի» արխիվները բացելն ու ստալինյան ռեպրեսիաների մեղավորների անունները հրապարակելը` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Նման ձեւով՝ անիմաստ եմ համարում այսօր մանրամասն քննել, թե ով ինչ է արել քոչարյանական ռեժիմի ժամանակ, որը, ի տարբերություն դրան նախորդող եւ հաջորդող ավտորիտարիզմի, դրսեւորում էր ակնհայտ բռնապետական միտումներ եւ այդ առումով մոտ էր ստալինյանին: Ինչպես էին իրենց դրսեւորել, ասենք, զինդատախազ, իսկ այնուհետեւ՝ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ կարեւոր է այնքանով, որքանով նրանք այսօր էլ ընդդիմության շարքերում առանցքային դեր են խաղում, եւ պետք է հասկանալ՝ պետությանը օգուտ կբերի՞, եթե նրանք, իշխանության գալուց հետո, պաշտոնավարեն այնպես, ինչպես որ դա նախկինում էին անում»:

«Իրատես de facto»-ի մեկնաբանի դիտարկմամբ` հայաստանյան օլիգարխները քողարկված պայքար են մղում Հայաստանում իրականացվող տնտեսական նոր քաղաքականության դեմ` իբրեւ թիրախ, մասնավորապես, ունենալով վարչապետին: Հոդվածագիրը նկատում է. - «Խնդիրն այն է, որ օլիգարխները չեն կարողանում հասկանալ նախագահի եւ վարչապետի տնտեսական քաղաքականության փոփոխությանն ուղղված սլաքների տրամաբանությունը եւ այդ չհասկացվածության պայմաններում որոշակի վտանգներ են զգում, ինչն էլ ստիպում է նրանց պայքարել վարչապետի դեմ եւ պահպանել այն բոլոր հնարավորություններն ու արտոնությունները, որոնցից տարիներ շարունակ օգտվել է օլիգարխների դասակարգը: Պետք է նշել, որ հայկական օլիգարխիան Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության դեմ պայքարի հիմնական սլաքն ուղղել է հենց վարչապետի դեմ, քանզի գիտակցաբար կամ բնազդաբար վախենում է Սերժ Սարգսյանի դեմ գործողություններ իրականացնելուց: Միեւնույն ժամանակ, արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելով երկրի գլխավոր-գերագույն հրամանատարի հետ` օլիգարխներն իրենց պայքարի հիմնական թիրախ են դարձրել վարչապետին` շատ լավ հասկանալով, որ անուղղակիորեն հարվածում են նաեւ նախագահին»:

«Հրապարակ»-ի թղթակիցը Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին հարցնում է. - «Ձեզ եւ Ձեր նախորդներին լսելով՝ տպավորությունն այնպիսին է, թե աղետի գոտում անօթեւանների խնդիրը վերացած է, բայց փաստ է, որ աղետի գոտում դեռեւս շատ են տնակները, ու մինչ օրս էլ լուծված չէ անօթեւանների խնդիրը»: Նախարարը պատասխանում է. - «Ամբողջ հարցն այն է, որ 2009 թվականից քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիր»: Ես համաձայն եմ, որ տնակներն աղետի գոտում շատ դանդաղ են վերանում, բայց դա 2 կողմ ունի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Առաջինը հենց վերը նշածս կատեգորիան է, երբ այս 24 տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, բազմանդամ դարձել (վերոնշյալ ծրագրի շրջանակներում պետությունը բնակարան է հատկացնում կորցրած սենյակների թվով) ու, պետությունից բնակարան ստանալով, ընտանիքները չեն ցանկանում լքել տնակները` պատճառաբանելով, որ բազմանդամ ընտանիքի մի մասը կբնակվի բազմաբնակարան շենքում, մի մասը՝ տնակում: Սուբյեկտիվ կողմն այն է, որ, բնակարան ստանալով, որոշ ընտանիքներ պարզապես չեն լքում տնակները»:

Միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում չի համաձայնել, թե արտագաղթի նոր ահագնացող ալիք կա։ «Չէ, այդպես չէ, թեպետ մտահոգվելու մեծ առիթ ունենք։ Տարեկան 25-26 հազարը իրոք մտահոգիչ ցուցանիշ է։ Բայց ամեն դեպքում պնդումները, թե նոր, զանգվածային ալիք է եւ այլն, ճիշտ չեն, հաստատուն, նույն մակարդակի վրա ընթացող գործընթացներ են», - հայտարարել է նա։

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG