Մատչելիության հղումներ

Հուլիսի 26-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «2013-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինեն սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի անցկացման` նախագահական կառավարումը խորհրդարանականով փոխարինելու համար: Ընդ որում, սա եզակի դեպքերից է, որ երկրորդ եւ երրորդ նախագահների մոտեցումները համընկնում են: Մոտիվացիաներն են տարբեր: Երկրորդ նախագահը, ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների, 13-ին չի առաջադրվելու, բայց անելու է ամեն ինչ, որպեսզի իր կողմից համակարգվող ուժերն այնքան ձայն բերեն, որ կարողանան լուծել վարչապետի հարցը, ինչը խորհրդարանական ընտրություններին չհաջողվեց: Սահմանադրական փոփոխությունները «նորընտիր» վարչապետին հնարավորություն կտան սահուն ձեւով, գրեթե մեխանիկորեն լուծել 2018-ին երկրի ղեկին լինելու, խորհրդարանական երկրում վարչապետ «նշանակվելու» հարցը: Այս է պատճառը, որ Քոչարյանը քաղաքական կենաց-մահու, սակայն խիստ քողարկված պայքարի մեջ է 13-ի համար, իսկ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է ոչ թե ԲՀԿ-ն, այլ` ՀՅԴ-ն»:

«Քաղաքական թատրոնի գինը» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հանդեպ դատավճռի վերաբերյալ լռություն է պահպանում Կոնգրեսի նորօրյա դաշնակիցը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իհարկե, հնարավոր կլիներ ասել, որ ԲՀԿ-ն հանգստանում է, բայց երբ խոսքը վերաբերում է, օրինակ, Գյումրիի քաղաքապետի ընտրությանը կամ «Ժառանգության» դեմ հայտարարություններին, ապա ԲՀԿ-ն գտնվում է բավական աշխատունակ վիճակում: Իսկ ահա «Հարսնաքար»-ի դեպքի կամ Կոնգրեսի ակտիվիստների հանդեպ դատավճռի առումով «Բարգավաճ Հայաստանը» հանգստանում է, տեխնիկական խնդիրներ ունենում եւ այլն: Ընդ որում, ուշագրավ է նաեւ, որ Կոնգրեսի լիդերներն էլ, կարծես թե, առանձնապես չեն փորձում այդ հարցերում սկզբունքային պահանջկոտություն ցուցաբերել իրենց գործընկերոջից, թեեւ այլ քաղաքական ուժերի ու հանրային խմբերի հանդեպ ոչ միայն սկզբունքային են, այլ նաեւ բավական կոշտ, երբ չկա իրենց ակնկալած արձագանքը: Այս ամենը, կարծես թե, հենց ԲՀԿ-ի «իմաստուն» կուրսի արդյունք է, երբ «Բարգավաճ Հայաստանը» Կոնգրեսին չի թողնում նահանջի տեղ՝ նրա հետ գործակցելու, քաղաքական արենայում Կոնգրեսի ակտուալությունը պահելու դիմաց պահանջելով, որ նա աստիճանաբար խզի իր կապերը մյուս բոլոր սուբյեկտների հետ, որոնք առկա են ընդդիմադիր դաշտում: Եվ Կոնգրեսն արդեն զգալիորեն վճարել է ԲՀԿ-ի պահանջած այդ գինը»:

«Առավոտ» թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ: Թերթի հարցին, թե կա՞ ՀԱԿ-ից որեւէ մեկը, ով կարող է Գյումրիի քաղաքապետի համար մղվող պայքարում այլընտրանք հանդիսանալ իշխանական թեկնածուին, Մակեյանը պատասխանում է. - «ՀԱԿ-ը նախ՝ ինքը պետք է այլընտրանք հանդիսանա… հանդիսանում էր երկար ժամանակ եւ լուրջ այլընտրանք էր: Ցավոք, վերջին ժամանակներս ՀԱԿ-ը իշխանությանն այլընտրանք չի կարողանում հանդիսանալ, հետեւաբար՝ նրա թեկնածուն չի կարող այլընտրանք լինել: Ցանկացած համայնքում, որտեղ ՀԱԿ-ը թեկնածություն կառաջադրի, բարդ է լինելու: Գոյություն ունեն խաղի կանոններ, քաղաքական նորմեր, համաձայն որոնց՝ եթե հիմնական թիմն այլընտրանք չէ, նրա ամենաուժեղ անդամն էլ չի կարող այլընտրանք լինել, մանավանդ, որ վերջին ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ գոյություն չունի: Մեր հաշվարկներով՝ 2013-ի ընտրություններին ՀԱԿ-ը կարող է դերակատարում ունենալ: Եթե չստացվեց՝ մնալ-չմնալն այլեւս որեւէ հարց չի լուծում: Մենք մտածում ենք, որ 2013-ին Կոնգրեսը պետք է օգտագործի իրավիճակը փոխելու հնարավորությունը»:

«Հայոց աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանն անդրադառնում է ավտոմեքենաների շուկային. - «Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը այս տարի շարունակել է ավելանալ։ Ընդ որում՝ հիմնականում էժան կամ հնամաշ ավտոմեքենաների հաշվին։ Հակառակ դրան, միջին կարգի եւ կիսաթանկարժեք տրանսպորտային միջոցների թիվը նախորդ տարվա համեմատ մնացել է գրեթե նույնը։ Ավելացել է նաեւ թանկարժեք մեքենաների ներմուծումը, բայց ոչ զգալի չափով: Իհարկե, այս երեւույթը նոր չէ, բայց խորանալու միտում ունի։ Հայաստան բերվող տրանսպորտային միջոցների որակական փոփոխություններ սկսեցին նկատվել հատկապես վերջին երկու տարիներին։ Մասնավորապես 2011 թվականին ներմուծված մեքենաների շուրջ կեսը մինչեւ 5 հազար դոլարանոց էին. մեկ տարվա ընթացքում ավելացել էին գրեթե 75 տոկոսով։ Հայաստանյան շուկայում էժան մեքենաների քանակի ավելացումը պայմանավորված մի շարք հանգամանքներով», - գրում է թերթի մեկնաբանը եւ դրանց թվում, մասնավորապես, նշում բնակչության ցածր վճարունակությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG