Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակիչների կեսից ավելին համոզված է` երկիրը ճիշտ ուղու վրա է


Տեսարան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից
Տեսարան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից
Վրաստանի բնակիչների 54 տոկոսը համոզված է, որ երկիրը ճիշտ ուղով է ընթանում։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի` IRI-ի մասնագետների կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության երեկ հրապարակած արդյունքները:

Ամերիկացի հանրապետականների հետ սերտ առնչություններ ունեցող հետազոտական այս կառույցը, որի խորհրդի ղեկավարը սենատոր, Միացյալ Նահանգների նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնն է, փորձել է վերհանել վրացական հանրության շրջանում տիրող նախընտրական տրամադրությունները:

IRI-ի մասնագետները արձանագրում են, որ թեեւ հարցվածների կեսից ավելին աջակցում է իշխանությունների քայլերին, այնուհանդերձ, նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարչակազմի կողմնակիցների թիվը նվազում է: Մարտին, օրինակ, Վրաստանում հարցվածների ավելի քան 60 տոկոսն էր պնդում, թե երկիրն ընթանում է ճիշտ ուղով: Եթե մարտին հարցվածների 27 տոկոսն էր համոզված, որ երկիրը սխալ ուղով է զարգանում, ապա այսօր նման մարդկանց թիվը կազմում է արդեն 31 տոկոս:

Իշխանությունների գլխավոր ձախողումների թվում հարցման մասնակիցների զգալի մասը առաջնային է համարում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Հարցվածների 38 տոկոսը պնդել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը Սահակաշվիլիի իշխանության թիվ մեկ սխալն էր: Հարցվածների ամենամեծ խումբը, սակայն` մոտ 21 տոկոս, պնդում է, որ գործող կառավարության գլխավոր ձախողումը նոր աշխատատեղեր ստեղծելու անկարողությունն է:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի վարկանիշին, ապա խորհրդարանական ընտրություններից մոտ չորս ամիս առաջ Վրաստանի ընտրողների 41 տոկոսը պատրաստվում է քվեարկել իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության, իսկ 24 տոկոսը` Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք» դաշինքի օգտին։

Ուշագրավ է, որ անցած շաբաթ նախընտրական վարկանիշներ էր հրապարակել ամերիկյան մեկ այլ հեղինակավոր կառույց` Ազգային ժողովրդավարական ինստիտուտը` NDI-ն: Այս մի հետազոտության համաձայն` Սահակաշվիլիի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել Վրաստանի բնակչության 36 տոկոսը, իսկ «Վրացական երազանք» դաշինքի աջակցել էր հարցվածների 18 տոկոսը:

Ըստ NDI-ի տվյալների` Իվանիշվիլիի կողմնակիցների թիվը վերջին ամիսներին գրեթե կրկնապատկվել է. փետրվարին վրաց միլիարդատիրոջ հիմնած կուսակցության օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների միայն 10 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG