Մատչելիության հղումներ

«Հասարակական-քաղաքական իրադարձությունները պետք է երեւան նաեւ արվեստում»


Բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի Մաշտոցի այգում, 20 փետրվարի, 2012
Բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի Մաշտոցի այգում, 20 փետրվարի, 2012
Թատերագետ Արա Խզմալյանը կարծում է, որ Հայաստանում ծնվել է քաղաքացիական հասարակություն, որը մինչ այդ չկար:

Նրա խոսքով` հենց այդ քաղաքացիական հասարակությունն էր, որ վերջին շրջանում Հայաստանում մի նոր վիճակ ստեղծեց, մարդիկ սկսեցին հասկանալ, որ իրենք կարող են փոփոխություններ մտցնել իրենց կյանքում: Թատերագետի կարծիքով` այս հարցում ժողովրդին պետք է աջակցեն նաեւ արվեստագետները` բարձրաձայնելով այս կամ այն իրադարձությունների մասին իրենց կարծիքը:

Ժամանակի հետ ավելի հաճախ են այն դեպքերը, երբ որեւէ արվեստագետ անդրադառնում է վերջին հասարակական-քաղաքական իրադարձություններին: Թատերագետի կարծիքով սա լավ է, բայց բավարար չէ:

Օրինակ, վերջերս դերասան Վարդան Պետրոսյանը իր նոր ներկայացմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այնտեղ կարտացոլվեն նաեւ «Հարսնաքարի» դեպքերը: Ռեփեր ՀՏ Հայկոն էլ ներկայացրեց իր «AntiSystem» երգը, որը շատերի կարծիքով նվիրված էր Մաշտոցի պուրակում կառուցապատման դեմ պայքարին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ռեփերը խոստովանեց, որ այս երգով փորձում է որոշակիորեն փոխել մարդկանց մտածելակերպը: Ըստ նրա` հասարակությունը դեռեւս ամբողջովին չի հասկանում, թե ինչ ուժ է ներկայացնում իրենից:

«Երգով դու կարող ես մարդկանց լավ իմաստով ինչ որ բան ներարկել: Մարդկանց պետք է տեղեկացնել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Երգերում պետք է ամեն ինչ իրական լինի, իրերը պետք է կոչես իրենց անուններով», - ասում է ՀՏ Հայկոն:

Ռեփերի կարծիքով` արվեստագետները պետք է,ոչ թե դուրս գան փողոցներ, այլ գաղափարապես աջակցեն պայքարողներին: Նա համաձայն է, որ արվեստագետները դեռեւս արժանի կերպով չեն անդրադառնում տարբեր իրադարձություններին:

Երգիչ Միստր Իքսն էլ կարծում է, որ երգի պարագայում դրան պետք է նպաստի նաեւ ոճը: Նա խոստովանեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները բացասական է գնահատում, բայց իր երաժշտական ոճը հնարավորություն չի տալիս կարծիքը արտահայտելու համար:

Ռեփեր ՀՏ Հայկոն համաձայն է, որ ամեն ոճ չէ, որ թույլ է տալիս անդրադառնալ տեղի ունեցող իրադարձություններին: Նա ասաց, որ շարունակելու է ստեղծագործել եւ ապագայում էլ երգել իրականության մասին: Ըստ նրա` երգերը եւ տարբեր քարոզչական միջոցները շատ են, բայց կարեւորը ոչ թե որեւէ ալիքի տակ ընկնելն է, այլ ինքնուրույն հասկանալը, թե ինչն է քո համար ճիշտ եւ պայքարել դրա համար: «Միայն այդ դեպքում մենք կունենանք քաղաքացիական հասարակություն», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG