Մատչելիության հղումներ

«Նոր ալիք»-ը կմեկնարկի վաղը


Հայաստանի ներկայացուցիչը պատրաստվում է Յուրմալայում ցուցադրել իր բոլոր հնարավորությունները:

Երեքշաբթի օրը Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկելիք «Նոր ալիք - 2012» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը պատրաստվում է ցուցադրել իր բոլոր հնարավորությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Սուրեն Առուստամյանը պատմեց, որ հուլիսի 14-ից Յուրմալայում են և պատրաստվում են ելույթներին: Նա ասաց, որ նախապես ընտրված երեք երգերից երկուսը փոփոխվել են: Նույնն է մնացել միայն առաջին օրվա երգը, այն է` Էրիք Քլեփթոնի «Change the World»-ը:

«Երկրորդ օրը որպես հայկական հիթ երգելու եմ Անդրեի «Իմ սերը քեզ» երգը, իսկ երրորդ օրը` Բրենդոն Սթոնի «Back to you»-ն: Քանի որ երգերը փոխվել են, հիմա ակտիվորեն փորձերին եմ մասնակցում, պատրաստվում եմ ելույթին», - ասաց երգիչը։

Խոսելով մրցույթի մյուս մասնակիցներից` Սուրենը ընդգծեց, որ նրանց մրցակից չի համարում, իսկ մրցույթին մասնակցում է լավ ելույթ ունենալու համար: Նրա համար կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ` լավ ելույթը:

«Նոր ալիք - 2010»-ում առաջին հորիզոնականը զբաղեցրած Սոնա Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իր փորձից կարող է ասել` լավ վոկալային տվյալներ ունեցող երգիչը այն ցուցադրելու դեպքում այս մրցույթում կարող է հասնել հաջողության: Ըստ նրա, ի տարբերություն մյուս մրցույթների` այս մեկում աշխատում է պրոֆեսիոնալ ժյուրին, ինչն էլ բացառում է մրցույթի քաղաքականացումը:

Խոսելով անձնակազմից` Սուրենը հայտնեց, որ իր հետ Յուրմալայում աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով նպաստում են երգչի լավ ելույթ ունենալուն:

«Նոր ալիք - 2012»-ը կտեւի երեք օր, իսկ հաղթողը պարզ կլինի քվեարկության արդյունքում:

please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG