Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը եւ կաթողիկոսը շնորհավորել են Բակո Սահակյանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր շնորհավորական ուղերձներ են հղել Բակո Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության եւ անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն եւ ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի եւ համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն եւ առկա մարտահրավերներին դիմակայում: Նաեւ մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է», - ասված է նախագահի ուղերձում:

Իսկ կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես ասված է. - «Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով եւ պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի: Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգեւի քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի եւ հավատավոր արցախահայության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG