Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով` Բակո Սահակյանը վերընտրվեց Ղարաբաղի նախագահ


Բակո Սահակյանը ընտրատեղամասի մոտ, Ստեփանակերտ, 19-ը հուլիսի, 2012թ.
Բակո Սահակյանը ընտրատեղամասի մոտ, Ստեփանակերտ, 19-ը հուլիսի, 2012թ.
Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է` ստանալով 47 հազար 85 ձայն կամ քվեների 66.70 տոկոսը։

Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի օգտին է քվեարկել 22 հազար 966 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.50 տոկոսը, իսկ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանի օգտին` 594 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 0.84 տոկոսը։

Լեռնային Ղարաբաղի հինգերորդ նախագահական ընտրություններին մասնակցել է 72 հազար 833 մարդ կամ ընտրական իրավունք ունեցող անձանց 73.43 տոկոսը։

Ընտրություններին հետեւող տեղական եւ միջազգային դիտորդները հինգշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տեղեկացրեցին, որ քվեարկության ընթացքը եղել է նորմալ, եւ խախտումներ չեն նկատել։

Երեկվա դրությամբ, ընտրությունների ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել` բացի երկու մասնավոր դեպքերից, որոնց Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը արձագանքել է եւ մանրամասները կհրապարակի այսօր։

«Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար», - ուրբաթ օրը հայտարարել է Բալասանյանը։

Իր տարածած հայտարարությունում նա հայտնում է, որ չշնորհավորեց ընտրված նախագահին, քանի որ ընտրությունների արդյունքները «որոշակի վերապահումներով» է ընդունում։

«Գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ», - պնդում է Ղարաբաղի նախագահի թեկնածուն` շարունակելով. - «Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա»:

Այդուհանդերձ, այդ պայմաններում ստացած քվեները Բալասանյանը համարում է «լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար»։

«Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը», - ասված է Ղարաբաղի նախագահի թեկնածուի հայտարարությունում։

Ընտրությունների ընթացքի մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարոսը, ով Ղարաբաղ կատարած իր այցելության համար հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

Թեոխարոսը, ով ղարաբաղյան ընտրություններին հետեւում էր իր անձնական նախաձեռնությամբ, ասաց, որ պատրաստվում է առաջիկայում Եվրախորհրդարանի պատգամավորներին հարց ուղղել. - «Երբ ետ գնամ, կհարցնեմ` արդյո՞ք մարդու իրավունքների հարգման ուրիշ ձեւ գիտեք դուք, քան նախագահ ընտրելը։ Եթե նախագահ ընտրելը ժողովրդավար գործընթաց չէ, ուրեմն` ի՞նչ այլընտրանք կարող եք առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ընտրելու իրենց իրավունքն իրագործել»։

Բակո Սահակյանը առաջին անգամ Ղարաբաղի նախագահ է ընտրվել հինգ տարի առաջ նույն օրը` հուլիսի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG