Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ անձնագրերի խնդիրը «լուծված է»


Կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ խնդրեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից` կապված անձնագրերի տրամադրման գործընթացում առաջացած խնդիրների հետ:

Օսիկյանը ասաց` նախորդ տարիների համեմատ այս տարի անձնագրի հարցով դիմած քաղաքացիների թիվն աննախադեպ է եղել:

«Նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի թվաքանակն ավելացել է շուրջ 30 հազարով։ Այդ հանգամանքով պայմանավորված անցկացվել են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերից դուրս, կազմակերպվել են աշխատանքային հերթափոխեր։ Մեծ հաշվով այս պահի դրությամբ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում է», - տեղեկացրեց Օսիկյանը:

Փոխոստիկանապետն ասաց նաեւ, որ չնայած իրենց կանխատեսումներին, քաղաքացիները պասիվ են եղել կենսաչափական անձնագրեր ստանալու հարցում:

«Մենք ունեինք կանխատեսում, որ մեծ թվով մարդիկ կդիմեն կենսաչափական անձնագրերի համար, բայց առաջին մեկ ու կես ամսվա ցուցանիշը ցույց տվեց, որ առայժմ տեղաշարժ չկա, եւ ընդամենը 800 անձ է դիմել այս պահի դրությամբ կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար», - ասաց Օսիկյանը:

Կառավարության նիստում անդրադարձ եղավ նաեւ Սեւանա լճի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությանը, որի համաձայն լճից այս տարվա ջրառի ծավալը ավելացվել է 150 միլիոն խմ-ով:

«Տրամադրված լրացուցիչ 150 միլիոն խմ ջրաքանակից առաջարկում եմ առաջիկա երկշաբաթյա ժամկետի համար հատկացնել 35 միլիոն խմ», - առաջարկեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը:

Այսպիսով կառավարությունը փոփոխություն կատարեց 2012 թվականի ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թվականի Սեւանա լճից ջրառի մասին» թիվ 518-Ա որոշման մեջ` ջրառի նախատեսված 169 միլիոն խմ ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչեւ 204 միլիոն խմ:

Գործադիրը իր հավանությանը արժանացրեց նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանի եւ ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնության նախագիծը, որով առաջարկվում է արգելել Սեւանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոմահամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG