Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը ժողովրդին պայմանագիր է առաջարկում

Վրաստան - Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեղմում է նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձեռքը` նախկին վարչապետ Նիկա Գիլաուրիի ներկայությամբ կայացած արարողության ժամանակ, Թբիլիսի, 1-ը հուլիսի, 2012թ.
Վրաստան - Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեղմում է նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձեռքը` նախկին վարչապետ Նիկա Գիլաուրիի ներկայությամբ կայացած արարողության ժամանակ, Թբիլիսի, 1-ը հուլիսի, 2012թ.
Հոկտեմբերին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ժողովրդին պայմանագիր է առաջարկում:

Պայմանագրի տեքստը տեղադրված է կուսակցության կայքէջում, դրա տակ դրված են կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ստորագրությունները։

Փաստաթղթում նշված են այն խոստումները, որ առաջիկա չորս տարվա ընթացքում կառավարությունը պարտավորվում է կատարել, դրանց թվում` կրկնակի կրճատել գործազրկությունը, ամբողջ բնակչության համար ներդնել առողջապահական ապահովագրության համակարգ եւ կրկնակի ավելացնել գյուղատնտեսական արտադրանքը։

Պայմանագրի կետերից մեկը խոստանում է նաեւ, որ յուրաքանչյուր ընտանիք կստանա վաուչեր` 1000 լարի (600 դոլար) չափով, եւ ինքը կորոշի, թե որ խնդիրների լուծմանն է ուղղելու այդ գումարը։

Կառավարության նոր ծրագիրը, որը կրում է «Ավելի շատ օգուտ ժողովրդին» անվանումը, Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկու շաբաթ առաջ արտահերթ նիստում, որի ընթացքում նաեւ վստահություն է հայտնել նոր կառավարությանը` Մերաբիշվիլիի գլխավորությամբ։

Իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների հետ կապված եւս մի նախաձեռնությամբ է հանդես եկել` ընտրապայքարին մասնակցող մյուս կուսակցություններին առաջարկելով համատեղ հռչակագիր ստորագրել, որով կողմերը կպայմանավորվեն անցկացնել ազատ, արդար, խաղաղ ընտրարշավ։

Ստորագրողները պետք է հրաժարվեն ընտրապայքարի ընթացքում բռնություն կիրառելուց, ընտրակաշառքից, վարչական ռեսուրսները օգտագործելուց, ինչպես նաեւ պարտավորվեն ընդունել ընտրությունների արդյունքները, երբ դրանք լեգիտիմ ճանաչվեն հեղինակավոր դիտորդների կողմից։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG