Մատչելիության հղումներ

Սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարարը եւ Ասադի փեսան


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, պաշտպանության նախարար Դավուդ Ռաջան (աջից) եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆահիդ ալ-Ջասիմ ալ-Ֆրեյջը (ձախից), արխիվային լուսանկար
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, պաշտպանության նախարար Դավուդ Ռաջան (աջից) եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆահիդ ալ-Ջասիմ ալ-Ֆրեյջը (ձախից), արխիվային լուսանկար

Սիրիացի ընդդիմադիրները «շրջադարձային» են որակում այսօրվա իրավիճակը երկրում։

Չորեքշաբթի օրը Դամասկոսում իրականացված պայթյունի հետեւանքով սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան եւ պաշտպանության փոխնախարար Ասեֆ Շաուքաթը, ով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի փեսան էր, մերձավոր զինակիցներից եւ մեծ ազդեցություն ունեցող անձնավորություն:

Ասեֆ Շաուքաթը, մինչ փոխնախարար նշանակվելը, 2005-2009 թվականներին ղեկավարել է Սիրիայի ռազմական հետախուզությունը: Նա Բաշար ալ-Ասադի քրոջ ամուսինն էր:

Պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան քրիստոնյա էր, նա անցյալ տարի էր նշանակվել այդ պաշտոնում:

Պաշտպանության նախարարի սպանությունից հետո, Բաշար ալ- Ասադը մի քանի ժամ անց նոր նախարար նշանակեց` Ֆահիդ ալ-Ֆրեյջին:

Սիրիայի բանակը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, ուր նշված է. - «Նրանք, ովքեր մտածում էին, թե հարձակվելով երկրի ղեկավարության վրա` կարող են ոլորել Սիրիայի ձեռքերը, պետք է հուսախաբվեն, որովհետեւ Սիրիայի ժողովուրդը, բանակն ու ղեկավարությունը հիմա ավելի վճռական են, քան երբեւէ` պայքարելու ահաբեկիչների դեմ եւ մաքրելու երկիրը զինված հանցախմբերից»:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօրվա հարձակումից նաեւ մի շարք պաշտոնյաներ են վիրավորվել, այդ թվում ծանր վիրավորներ կան: Ներքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Շաարը ծանր վիրավորվել է, նրա վիճակը կայուն է գնահատվում: Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Հիշամ Բեխտյարը եւս վիրավորների թվում է` մի քանի ժամ առաջ հիվանդանոցում նրան վիրահատում էին:

Այսօր Դամասկոսում իրականացված հարձակման մասին հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:

Հարձակումն իրականացվել է Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության կենտրոնակայանում: Մայրաքաղաք Դամասկոսի սրտում` Ռավդա թաղամասում ինքնասպան ահաբեկչի հարձակման թիրախը Սիրիայի կառավարության՝ նախարարների կաբինետի եւ Անվտանգության ծառայության պաշտոնյաների հանդիպումն էր:

Ավելի վաղ պետական հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ հարձակման արդյունքում նախարարների եւ Անվտանգության ծառայության պաշտոնյաների շարքում ծանր վիրավորներ կան:

Լիբանանյան «Ալ-Մայադեն» գործակալոթյան փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել:

Կիրակի օրվանից Սիրիայի կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ մարտերը ընթանում են երկրի մայրաքաղաքում:

Ականատեսների պատմելով` Դամասկոսի բախումներում օգտագործվել են մարտական ուղղաթիռներ եւ ռուսական արտադրության տանկեր:

Ապստամբների ուժերը` «Սիրիայի ազատագրման բանակը» ցանկանում է վերահսկողության տակ վերցնել երկրի մայրաքաղաքը:

Ընդդիմության որոշ ակտիվիստներ ռեժիմի դեմ 16-ամսյա պայքարի ընթացքում այսօրվա իրավիճակը համարում են շրջադարձային:

Ընդդիմությունը այսօր հաղորդել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում Դամասկոսում ապստամբները կառավարական զորքերի տասնյակ զինվորների են սպանել:

Մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնից Ռամի Աբդելը France Press-ին ասել է, որ կանոնավոր բանակի մոտավորապես 40-50 զինվոր սպանվել է երկուշաբթի օրը, իսկ երեկ առնվազն 20 զինվոր է սպանվել:

Նրա փոխանցմամբ` այսօր կառավարական զորքերը մարտական ուղղաթիռներով հարձակումներ են կատարել Դամասկոսի Բարզեհ եւ Քաբուն շրջանների վրա, Քաբունի բնակիչները հեռանում են տներից:

Դիվանագիտական ասպարեզում շարունակվում են ճիգերը Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումից հետո այսօր հորդորել է Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել Սիրիայի արյունահեղությունը դադարեցնելու համար:

Այսօր Սիրիայի հարցով մի նոր բանաձեւ է քվեարկվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Բացի պատժամիջոցներ կիրառելու առաջարկներից, ուրբաթ օրը ավարտվում է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության 90-օրյա ժամկետը, եւ եթե երկարաձգելու որոշում չընդունվի` ՄԱԿ-ի դիտորդների գործունեությունը շաբաթավերջին կդադարեցվի:

Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցություններից հետո Պեկինում լրագրողներին ասել է. - «Ես պարզաբանել եմ, թե հիմա Սիրիայում որքան լուրջ է իրավիճակը, եւ Չինաստանի բոլոր ղեկավարները կիսել են իմ կարծիքը, որ իրավիճակը շատ լուրջ է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե անկեղծորեն հավատում է, որ Անվտանգության խորհրդի անդամները, ըմբռնելով հարցի հրատապությունը, միասնական որոշում կընդունեն:

Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ մինչեւ հիմա Չինաստանը եւ Ռուսաստանը երկու անգամ դեմ են քվեարկել Սիրիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի ընդունմանը:

France Press-ը հաղորդում է, որ դիվանագետների փոխանցմամբ` անցած շաբաթավերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի իր գործընկերոջ՝ Հու Ձինթաոյի հետ, եւ նրանք համաձայնել են նորից ընդդիմանալ Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է, թե Սիրիայում «վճռական մարտեր» են մղվում կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ, եւ որ պաշտոնական Մոսկվան չի կարող պաշտպանել Սիրիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող Արեւմուտքի բանաձեւը։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում բռնությունների աճի կապակցությամբ: Նա ասել է, թե իրավիճակը արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից, ուստի ծայրաստիճան կարեւոր է, որ միջազգային հանրությունը, աշխատելով այդ տարածաշրջանի իրավիճակով մտահոգ մյուս երկրների հետ, առավելագույն ճնշում բանեցնի Բաշար ալ-Ասադի վրա՝ ճիշտ քայլ կատարելու համար, որն է` հրաժարական տալ եւ ապահովել իշխանության խաղաղ փոխանցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG