Մատչելիության հղումներ

«Ժողովրդավարական հայրենիք»-ին զրկում են Երեւանում տարածքից


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյան, արխիվային լուսանկար
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյան, արխիվային լուսանկար
Ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «քաղաքական հաշվեհարդար» որակեց իր գլխավորած կուսակցությունը մայրաքաղաքից հեռացնելը։

«Երկրորդ կարծիք չկա, որ սա քաղաքական հետապնդում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավարի դեմ: Մեր կուսակցության հանդեպ նորություն չէ դա. 1998 թվականից առ այսօր անընդհատ պրոցես է: Հիմա թե երբ կհանգստանան, երբ կանգ կառնի այս մախինան` չեմ կարող ասել», - հայտարարեց Մակեյանը։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք»-ին Պետական գույքի կառավարման վարչությունը Երեւանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքի փոխարեն վարձակալությամբ նոր տարածք է առաջարկել Գառնիում կամ Արմավիրում:

Երեւանյան տարածքը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը զբաղեցրել է 1996 թվականից: Անցած տարի լրացավ տարածքի վարձակալության ժամկետը, եւ Պետական գույքի կառավարման վարչությունը հրաժարվեց վերակնքել պայմանագիրը` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի գտնում: Մոտ տասն օր առաջ Մակեյանը ազատել է տարածքը` խուսափելով դատական ակտերի հարկադիր կատարողի հետ շփումից:

Տարածք տրամադրելու խնդրանքով վերջին անգամ Պետգույքի կառավարման վարչությանը դիմել էր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` դիմումում շեշտելով, որ «Ժողովրդավարական հայրենիք»-ը արդեն խորհրդարանական կուսակցություն է եւ առաջնահերթություն ունի ըստ Կուսակցությունների մասին օրենքի:

Մակեյանը հիշեցնում է, որ տարածքի շուրջ այս վեճը սկսվել է դեռ 2008 թվականին, երբ ինքն ազատազրկված էր, ուստի համոզված է, որ կուսակցությանը Գառնի կամ Արմավիր տեղափոխվել առաջարկելով` իշխանությունները, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավարտին հասցրեցին սկսածը։

«Իրենց պատասխանների մեջ էլ կա այդ հումորը, անլրջությունը, ու` ցինիզմի հասնող անլրջությունը: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է` 16 տարվա կուսակցությանը, որը երկու անգամ եղել է պառլամենտում ու անընդհատ սկզբունքային պայքարել է իրենց վարչախմբի դեմ, այսօր առաջարկում են ինչ-որ մարզեր տարածք: Դա արդեն հասարակությունը, հանրությունը պետք է դրա պատասխանը տա, մեզ համար դա պարզ աքսիոմա է», - ասաց «Ժողովրդավարական հայրենիք»-ի առաջնորդը։

Պետգույքի կառավարման վարչությունը կտրականապես հերքում է, թե իրենց առաջարկը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Վարչության խոսնակ Մարգարիտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մակեյանի հայտարարությունները որակեց «քաղաքական շահարկումներ»։

«Այդ հարցը չի կարող ունենալ քաղաքական ենթատեքստ, քանի որ վարչությունը առաջնորդվել է միմիայն օրենքով իրեն վերապահված լիազորություններով եւ գործել է վարձակալական պայմանագրի հիմքով: Որեւէ միտում չկա եւ չի կարող լինել, քանի որ որեւէ տարբերություն չկա՝ տվյալ դեպքում վարձակալական հարաբերություններ են ծագում կուսակցությա՞ն, իրավաբանական որեւէ անձի՞, թե՞՝ սովորական տնտեսվարողի հետ», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` «Ժողովրդավարական հայրենիք»-ի առաջնորդը միտումնավոր շրջանցում է հարցի իրավական կողմը, մասնավորապես` այն, որ Մակեյանը ինքը պետությունից վարձակալած տարածքի մեծ մասը ենթավարձակալությամբ է տվել Սոցիալական ապահավության հիմնադրամի Արաբկիրի տարածքային կառույցին, «որի արդյունքում ավելի քան 21 միլիոն դրամ (շուրջ 50 հազար դոլար) շահույթ են ստացել»։ «Այս մասին կուսակցությունը երբեւէ չի բարձրաձայնել եւ չի արձագանքել վարչության կողմից հրապարակված փաստերին», - ընդգծեց Սարգսյանը` շարունակելով. - «Ինչ վերաբերում է քաղաքից դուրս տարածք առաջարկելու փաստին, ապա կուսակցությանը վարչությունը հայտնել է, որ ներկայում չունենք ազատ տարածք եւ հետագայում տարածք լինելու դեպքում կանդրադառնանք այդ խնդրին: Այդ մասին իրենց գրավոր տեղեկացվել է»։

Պետական գույքի կառավարման վարչության խոսնակը հաստատեց տեղեկությունները, որ ազատված տարածքը հատկացվելու է հենց Սոցապ հիմնադրամի տարածքային կառույցին:

Պետրոս Մակեյանը, մինչդեռ, ասում է` արժանահավատ տեղեկություններ ունի, որ տարածքը տրամադրվելու է կոնկրետ անձի, ում անունը առայժմ չի հրապարակում։ «Էն ժամանակ կերեւա իրենց գործունեության պետական չափորոշիչները, թե որքանով է դա պետական կարիքների համար առգրավվել կուսակցությունից», - նշեց նա։

«Պետական այդ հաստատությունը ունի տարածքի կարիք, ամբողջ տարածքը հատկացվելու է հիմնադրամին` միմիայն իրենց», - իր հերթին, վստահեցրեց Մարգարիտ Սարգսյանը։

«Ժողովրդավարական հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակի գույքը, ինչպես փոխանցեց կուսակցության առաջնորդը, ստիպված են պահել տարբեր տարածքներում, կուսակցության նիստերը ՀԱԿ-ի Աջափնյակի գրասենյակում են գումարում։

«Բնականաբար, մեր ողջամիտ ժամանակը մինչեւ սեպտեմբերն է։ Այնուհետեւ կսկսվի հրապարակային քայլերը՝ նաեւ միջազգային հանրության կառույցների ներքաշելով», - ասաց Մակեյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG