Մատչելիության հղումներ

Վադիմ Աբդրաշիտով. «Եթե դպրոցում աղետ է, նույն աղետն էլ մշակույթում է»


Վադիմ Աբդրաշիտով
Վադիմ Աբդրաշիտով

«Մշակույթը սկսվում է երեխաների դաստիարակությունից ու ստացած դպրոցական կրթությունից», - ընդգծում է ռուսաստանցի կինոռեժիսորը։

Եթե արեւմտյան որեւէ երկրում կրթության ու մշակույթի ոլորտում այնպիսի իրավիճակ տիրեր, ինչպես այժմ` Ռուսաստանում, ապա մարդիկ կփոխեին իշխանությունները ու նորին կստիպեին վարել իրենց նախընտրած քաղաքականությունը: Նման կարծիքի է ռուսաստանցի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովը, ով այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրերից է։

«Մշակույթը սկսվում է երեխաների դաստիարակությունից ու ստացած դպրոցական կրթությունից, եւ եթե դպրոցում աղետ է, նշանակում է, որ նույն աղետն էլ մշակույթում է, եւ եթե ոչ այսօր, ապա վաղը այն կարտահայտվի: Դպրոցական ոլորտում Ռուսաստանում անհեթեթ վիճակ է` կրճատել են ռուս գրականության ժամերը. դա ցինիկ ու աներես քայլ է», - ասում է Աբդրաշիտովը, ով դասավանդում է նաեւ Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում:

Կինոռեժիսորն ասում է, որ ՎԳԻԿ ընդունվելու են գալիս երիտասարդներ, որոնք չեն կարդացել ռուսական գրականության սյուները համարվող ստեղծագործություններ:

«Հինգ տարին մեկ ես ՎԳԻԿ-ում ռեժիսորական կուրս եմ հավաքում: Թվում է, թե ռեժիսորի մասնագիտություն ընտրողները պիտի ամենակրթված ու խելացի երիտասարդները լինեն, բայց ամեն անգամ ընդունելության քննություններից հետո երդվում ենք, որ այլեւս կուրս չենք հավաքելու, որովհետեւ ընդունվողների մակարդակը ամեն տարի խայտառակ վատն է` այնքան վատը, որ եթե այսօր երեկվա չափանիշներով ընդունենք ուսանողներին, ապա ոչ ոքի չենք ընդունի», - նշում է վրդովված ռեժիսորը:

Վադիմ Աբդրաշիտովը պատմեց, որ արդեն մոտ 12 տարի դիմում-նամակներ են գրում Ռուսաստանի նախագահին, վարչապետին, կրթության ու մշակույթի նախարարություններ, որպեսզի ՎԳԻԿ-ում անվճար տեղերը հասանելի լինեն նաեւ տարիքով մեծ, երկրորդ մասնագիտություն ձեռք բերող մարդկանց, ովքեր կցանկանան դառնալ սցենարիստ կամ ռեժիսոր:

«12 տարի է՝ պայքարում ենք մի նախաձեռնության համար, որի իրականացման վրա ոչ մի գումար չի ծախսվելու: Ամեն անգամ առանց բացատրության մերժում ենք ստանում», - ասում է Աբդրաշիտովը, ում մտահոգությունն այն է, որ դպրոցն ավարտած երիտասարդները չունեն կենսափորձ, որ կարողանան չորս տարի հետո այնպիսի ֆիլմ նկարել, որը կհետաքրքրի մեծ դահլիճների: Արդյունքում, ըստ նրա, ծնվում է ինֆանտիլ եւ վատ կինո:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես են լուծվում իր նշած խնդիրները Արեւմուտքում, ռեժիսորը պատասխանեց. - «Այնտեղ պետությունները պատասխանատու են ազգային մշակույթի պահպանման համար, ֆրանսիական կինոյի օրինակը բոլորին է հայտնի, այնտեղ քաղաքացիական հասարակություն կա, որը ինքնապահպանման բնազդ ունի: Արեւմտյան երկրներում եթե հեռուստադիտողը էկրանին բռնություն է տեսնում, քաղաքացիական հասարակությունը պարզապես փոխում է պետության ղեկավարներին եւ ստիպում է կառավարությանը ընդունել որոշումներ, որոնք կպաշտպանեն երիտասարդ սերնդին, կպահպանեն նրա բարոյական եւ ֆիզիկական առողջությունը»:

Վադիմ Աբդրաշիտովը Հայաստան է եկել` ներկա գտնվելու իր «Պարողի ժամանակը» ֆիլմի երեւանյան պրեմիերային, որը նկարահանվել է 2003 թվականին: Նրա ֆիլմերը արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի եւ Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG