Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ԵՄ-Հայաստան-Վրաստան համատեղ վարժանքներ


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, պաշտպանության եւ էներգետիկայի դեպարտամենտները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովը Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ հուլիսի 9-12-ը մասնակցել են մի շարք դաշտային վարժանքների:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն` վարժանքները կիրառել են իրատեսական սցենարներ զանգվածային ոչնչացման զենքին (ԶՈԶ) վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու եւ ուժեղացնելու նպատակով:

«Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցում են ԶՈԶ-ի, ԶՈԶ-ին վերաբերող նյութերի եւ սովորական զենքերի ապօրինի փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։ - «Անցկացված վարժանքները ամրապնդում են նշված համագործակցությունը եւ հիմնվում են Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնց նպատակն է իրականացնել անդրսահմանային հաղորդակցություն եւ գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար»։

Ամերիկյան դեսպանատունը նշում է, որ վարժանքները հաջորդում են այս տարի Սեուլում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, «որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաեւ Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG