Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք` «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար


Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները` ՀԱԿ-խորհրդարանական խմբակցությունը որոշում է այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում պետք է լինի «Հարսնաքար»-ի միջադեպի հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` միեւնույն ժամանակ չցանկանալով նշել, թե այս չորս ուժերից կոնկրետ որի նախաձեռնությամբ է արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշում կայացվել:

Այսօր ժամը 18-ին խմբակցությունները ԱԺ քարտուղարությունից ստացել են ձեւաթուղթը եւ եթե 24 ժամվա ընթացքում կարողանան հավաքել 44 պատգամավորի ստորագրություն, ապա արտահերթ նստաշրջանը կկայանա:

Նշված չորս ուժերից թվով ամենաշատ պատգամավորներ ունեցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ թեեւ ինքը իր ստորագրությամբ միանալու է նախաձեռնությանը, այնուամենայնիվ, ամառային արձակուրդների շրջանում իրատեսական չի համարում, որ բավարար թվով ստորագրություններ կհավաքվեն:

«Խմբակցության պատգամավորների զգալի մասը այս պահին հանրապետությունում չէ, եւ անգամ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպմանը խմբակցությունից ներկային էին 12-13 պատգամավոր: Տեխնիկապես խմբակցությունը չի կարող նման հարց քննարկել, ինչ չի նշանակում, որ խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք այս օրերին Հայաստանում են, իրենց որոշմամբ կարող են վաղը միանալ այդ նախաձեռնությանը: Բայց շատ պարզ, հասարակ հաշվարկը ցույց է տալիս, եւ այս մասին ես ասել եմ նաեւ նախաձեռնության հեղինակներին, որ իրատեսական չեմ համարում այս պահին 44 ստորագրություն հավաքելը», - ասաց Զոհրաբյանը:

Նախորդ շաբաթ Լեւոն Զուրաբյանն ինքը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդում էր, որ առայժմ իրատեսական չէ 44 ստորագրություն հավաքելը եւ այդ պատճառով չեն նախաձեռնում արտահերթ նիստ հրավիրել: Հարցին, թե ի՞նչ է փոխվել այժմ, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Սա իսկապես լուրջ հարց է եւ պետք է ասեմ, որ մենք վստահություն չունենք, որ կարող ենք հավաքել 44 ստորագրություն: Բայց մի այսպիսի հանգամանք կա. շատերը ասում են, որ դե եթե լիներ նախաձեռնությունը, մենք կմիանայինք: Հիմա մենք դրա համար էլ հենց նախաձեռնում ենք սա»:

Ինչ վերաբերում է մեծաթիվ պատգամավորների բացակայությանը հանրապետությունից, ապա դա, ըստ Զուրաբյանի, դա հիմք չէ ստորագրահավաքը հետաձգելու համար:

«Դուք ի՞նչ եք առաջարկում, որ մենք տեխնիկական պատճառների կամ բարդությունների պատճառով մի կողմ դնենք հասարակության զայրույթը, մի կողմ դնենք այս աղաղակող հանցագործության արձագանքը», - ասաց նա:

Ստորագրելու առաջարկ արվելու է նաեւ ինչպես անկախ, այնպես էլ իշխող Հանրապետական եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորներին. ստորագրել ցանկացողները ձեւաթղթերը կարող են գտնել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում:

Նախօրեին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժեց այս չորս խմբակցությունների առաջարկը` իրավապահների մասնակցությամբ «Հարսնաքար»-ի թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել` պատճառաբանելով, թե ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի, եւ երկրորդ՝ կատարվում է նախաքննություն եւ խորհրդարանի խոսնակը ձեռնպահ է մնում «գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից»:

Խորհրդարանական այս չորս ուժերը նաեւ «Հարսնաքար»-ի միջադեպի վերաբերյալ համատեղ հարցաշար են մշակում, որը ուղարկելու են իրավապահ մարմիններին: Լեւոն Զուրաբյանը ասաց, որ հարցերի շրջանակը առայժմ քննարկման փուլում է եւ չի կարող կոնկրետ որեւէ հարց մատնանշել:

Ի պատասխան նախաքննական մարմնի այն պնդմանը, թե չկա որեւէ հիմք, ապացույց Ռուբեն Հայրապետյանին գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվելու համար, Զուրաբյանը հայտարարեց, թե չկա որեւէ հիմք հավատալու նախաքննական մարմնին: Հատկանշական է, որ եթե չորս խմբակցություններին հաջողվի հրավիրել արտահերթ նիստ, ապա այդ նիստին խորհրդարանի ղեկավարը կընթերցի նաեւ Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը` փաստորեն արագացնելով այդ գործընթացը:

«Այս նիստը նաեւ այդ նպատակին կծառայի», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG