Մատչելիության հղումներ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները մտահոգված են


Հայաստան -- «Հարսնաքար» ռեստորանը Երեւանում
Հայաստան -- «Հարսնաքար» ռեստորանը Երեւանում
Շարժման անդամներից, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, այսօր անդրադառնալով նախաքննական մարմինը ներկայացնող Արսեն Այվազյանի՝ օրերս հնչեցրած գնահատականներին, ասաց, թե արդեն իսկ այդ պաշտոնյայի հայտարարությունները ցույց են տալիս, որ հանրապետական պատգամավոր, հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի շուրջ նախաքննական մարմինը ուղղորդված քննություն է իրականացնում։

Հիշեցնենք՝ Արսեն Այվազյանը հայտարարել էր, որ որեւէ հիմք չկա Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու համար եւ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու պահին Հայրապետյանը «Հարսնաքար»-ում չի եղել։

«Ընդամենը մեկ անգամ որպես վկա հրավիրելով քաղաքացի Ռուբեն Հայրապետյանին, եւ ամենեւին փորձ չանելով որպես մասնակից կամ կասկածյալ հրավիրելու, մենք կարծում ենք, որ այստեղ կան այնպիսի խնդիրներ, որոնք մեզ հուշում են, որ այստեղ կա մի փորձ վերածելու այդ գործը Պողոս Պողոսյանի սպանության դեպքի նմանակության», - հայտարարեց Ալավերդյանը՝ պարզաբանելով․ - «Եթե հիշում եք, այդտեղ եւս վրա հասավ մահը, բայց ամեն ինչը բնութագրվեց որպես մահ, որը ոչ թե անմիջապես այդ ծեծի հետեւանքով է, այլ մեղմացնող պարագաների ընթացքում է եղել։ Հստակ երեւում է, որ ուզում են մաքսիմում 5-10 տարի պատժամիջոցի բերել այն անձնանց, ում դաժան ծեծի պատճառով սպանվել է մայոր Վահե Ավետյանը»։

«Հարսնաքար»-ի գործի քննության օբյեկտիվության շուրջ մտահոգություն է հայտնել նաեւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը։ Այսօր տարածած հայտարարության մեջ խումբը նշում է, որ քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում ապահովել հարուցված քրեական գործի քննության հրապարակայնությունն ու խուսափում են միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ուղղված հարցերի բացահայտումից։

Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց մտահոգության համար հիմք են հանդիսացել նախաքննական մարմինը ներկայացնող Արսեն Այվազյանի հայտարարությունները։ Տվյալ դեպքում, ըստ Սանասարյանի, եթե Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ասել էր, որ կալանավորված անձանց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ, ապա Արսեն Այվազյանը ընդգծել է, որ նրանք ոչ թե Հայրապետյանի թիկնապահներն են, այլ երբեմն պարզապես ուղեկցել են նրան։

«Այն, որ ասում են, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա է ներգրավվել ու ինքը այդ տեղում չի եղել, մեզ համար հարց է։ Եվ վերջում տեսանք, որ փորձում են կոծկել գործը։ Ողջ պատասխանատվությունը մենք գցելու ենք առաջին հերթին նախագահականի վրա, քանի որ գիտենք, թե ինչպես են այդ որոշումները կայացվում», - հայտարարեց Սանասարյանը։

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը այսօր տարածած հայտարարության մեջ կոչ է անում Ազգային ժողովի խմբակցություններին, համաձայն Հայաստանի օրենսդրության, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել՝ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը իր ավարտին հասցնելու նպատակով։

Իսկ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը զինվորական բժշկի մահվան քառասունքի օրը հայտարարել է համահայկական մոմավառության օր՝ կոչ անելով Հայաստանի եւ Սփյուռքի հայերին հարգել Վահե Ավետյանի հիշատակը։

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG