Մատչելիության հղումներ

Նախկին նախարարը կգլխավորի «կարգավորիչ գիլյոտինը»


Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:
Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:
Հայաստանի կառավարության նոր նախաձեռնությանը նպատակ ունի երկրում նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ բիզնեսի ու քաղաքացու գործունեության համար ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ:

Նախատեսվում են առաջիկա երկու տարիներին շուրջ կիսով չափ կրճատել ու պարզեցնել իրավական այն ակտերը, որոնք կարգավորում են բիզնեսի ու քաղաքացու գործունեության, ըստ էության, բոլոր ոլորտները: Այսինքն` պետական մարմինների հետ բիզնեսի ու քաղաքացիների շփման ժամանակ կրճատել թղթաբանությունը:

Կառավարության որոշմամբ անցած տարվա հոկտեմբերին ստեղծված Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995թթ.) Արմեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց, որ մինչեւ 2014 թվականը իր գլխավորած կենտրոնը ուսումնասիրելու է 17 ոլորտներ` հանրային ծառայություններից մինչեւ սպորտի ու երիտասարդության հարցեր, եւ արդյունքում կրճատելու եւ էականորեն պարզեցնելու է այդ ոլորտները կարգավորող իրավական ակտերը:

Խոսքը շուրջ 26 հազար ակտերի մասին է. - «Մենք այսպես կոչված կարգավորիչ գիլյոտինն ենք, որի խնդիրը հետեւյալն է` նայել այս երկրի բոլոր օրենսդրական ակտերը, որոնք պարունակում են կարգավորումներ, որոնք վերաբերում են բիզնեսին եւ քաղաքացիներին, տեսնել որքանով են դրանք խելամիտ, որքանով են պետք, եւ դրանցից որոնք կարելի է կրճատել կամ ընդհանրապես վերացնել»:

Նշվածն իրականացնելու համար` Հայաստանի նախագահի հրամանագրով անցած տարվա սեպտեմբերին ստեղծվել է Տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ, որին էլ ենթարկվում Արմեն Եղիազարյանի ղեկավարած կենտրոնը:

Հարցին, թե Հայաստանի իրավական ակտերի նման մաշստաբային կրճատումը, պարզեցումը որքանո՞վ կթեթեւացնի բիզնեսի ու քաղաքացու ուսերին ընկնող բեռը, որքանո՞վ այդ քայլերը կլինեն արդյունավետ, Եղիազարյանը պատասխանեց. - «Մենք պետք է ունենանք հայտանիշների համակարգ, որ տեսնենք ինչ որ արվում է, ինչ որ առաջարկվում է` ոնց է այդ հայտանիշների, ցուցանիշների համակարգի վրա անդրադառնալու: Այդպիսի համակարգ, լավ թե վատ` կա, կոչվում է Doing Business… Ինչքան փող եք ծախսում, ինչքան կաշառք եք տալիս. կան եւ այդպիսի հետազոտություններ, կոչվում է BEEPS»:

Business Environment and Enterprise Performance Survey-ը (BEEPS, Բիզնես միջավայրի եւ ձեռնարկությունների գործունեության ուսումնասիրությունը) իրականացվում է 1999 թվականից Համաշխարհային բանկի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ու վերաբերում է Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների բիզնես միջավայրերին:

«Այդտեղ հարկային ցուցանիշներով մենք ստաբիլ վերջում ենք գտնվում», - ասաց Եղիազարյանը` շարունակելով. - «Մինչեւ հիմա լուրջ արդյունք այդ ցուցանիշների առումով չի եղել: Առաջընթաց կա, բայց այլ երկրները ավելի արագ են շատ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե այսօր հայաստանյան բիզնես միջավայրը ավելի շատ կարիք ունի, որ գործող օրենքները պատշաճ կատարվեն, քան թե տեղի ունենան օրենսդրական հերթական բարեփոխումները:

«Մեր երկիրը օրենքի կիրառման պակասություն ունի: Եթե նույնիսկ հասնեն նրան, որ, ասենք, 26 հազար օրենքներից կմնա 2600 կամ 260, բայց եթե երկրում մթնոլորտը չփոխվի, իմաստ չունի այդ աշխատանքը կատարելը: Զուտ քաղաքական որոշման բացակայության պատճառով է, որ մեր մոտ այս կոռուպցիոն ռիսկերը անընդհատ մեծանում են»:

Անդրադառնալով այս մտահոգություններին` Արմեն Եղիազարյանը նշեց, թե, իհարկե, խնդիրը չի կարող լուծվել միայն օրենքների բարելավմամբ, այլ հարկավոր է պատշաճ կարգով կյանքի կոչել այդ օրենքները:

please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG