Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարությունը եւ «Գազպրոմը» բանակցում են գազի գնի շուրջ


Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը եւ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ:

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեցին «Գազպրոմի» մամուլի կենտրոնից` հրաժարվելով այլ մանրամասներ փոխանցել:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` սպասվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խորանարդ մետր գազը Հայաստանի սահմանին պետք է արժենա 280 դոլար: Նշվում էր նաեւ, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա 320 դոլար: Այսօր Հայաստանը «Գազպրոմից» 1000 խորանարդ մետր բնական գազը գնում է 180 դոլար սակագնով:

Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով բանակցությունների փաստը, դրանք բնութագրեց որպես «ընթացիկ, սովորական»: Նա հավելեց, թե որեւէ նորության դեպքում նախարարությունն այդ մասին կհայտնի հանրությանը:

Հատկանշական է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ «Հայռուսգազարդ» ընկերությունը վնասով է փակում իր տարեկան գործունեությունը («Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին», իսկ 20 տոկոսը Հայաստանի կառավարությանը): Վերջերս հրապարակվեց ընկերության 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որից հայտնի դարձավ, որ անցած տարի «Հայռուսգազարդի» վնասը կազմել է 15.4 միլիարդ դրամ: 2010 թվականին ընկերության վնասը կազմել էր 10.8 միլիարդ դրամ:

Երկու տարվա ընթացքում ընկերության կուտակած 26.2 միլիարդ դրամի վնասը հիմք տվեց որոշ վերլուծաբանների կարծիք հայտնել, թե առաջիկայում Հայաստան մատակարարվող գազի գինը կարող է բարձրանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG