Մատչելիության հղումներ

ԵԺԿ-ի Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովը` Երեւանում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովին, որին ներկա էին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` գագաթնաժողովին անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությանն ու դրա հեռանկարներին:

Գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվել է համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվել է ԵԺԿ-ի եւ գագաթնաժողովի մասնակից երկրների տեսլականը Արեւելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ-ի անդամ կուսակցությունների միջեւ համագործակցության վերաբերյալ:

Հռչակագրում ամրագրվել է, որ այս ձեւաչափով հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երեւանում:

Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG