Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն սառեցրել է «ՄՄՄ 2011» ֆինանսական բուրգի հաշիվները


1990-ականներին հայտնի «ՄՄՄ» բուրգը 2011 թվականին հանդես եկավ «ՄՄՄ 2011» անվանմամբ եւ նորից սկսեց ներդրումներ ընդունել, իսկ պայմանները նույնքան գայթակղիչ էին, ինչպես նախկինում: Օրինակ եթե բուրգում ներդնես 100 հազար դրամ, ապա մեկ ամիս անց կստանաս 130 հազար:

Տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, նման բուրգերը հիմնված են ոչնչի վրա: Եթե, օրինակ, մեկը կատարում է ներդրում, ապա մեկ ամիս անց նա ստանում է տոկոսներ այն գումարից, որը բուրգում ներդնում են նոր մասնակիցները: Ուստի, եթե գա մի օր, որ ոչ ոք ցանկություն չունենա գումար ներդնել, ապա բուրգը ուղղակի կքանդվի:

«ՄՄՄ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսեց ծավալել 2011 թվականից: Միայն մեկ տարի հետո Կենտրոնական բանկը հաղորդագրություն տարածեց, որով հորդորեց քաղաքացիներին ներդրումներ չկատարել «ՄՄՄ 2011»-ում, քանի որ այդ սխեմայով իրականացվող գործունեությունը լիցենզավորված չէ:

Նույն ամսին Երեւանում փակվեց «ՄՄՄ 2011» ֆինանսական բուրգի Բաղրամյան 31ա հասցեում գործող գրասենյակը, իսկ ղեկավարները կանչվեցին ԱԱԾ:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հարուցվել է քրեական գործ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձի համար: Այժմ կատարվում է նախաքննություն: Թեեւ ձերբակալվածներ չկան, բայց որոշ անձինք ստորագրություն են թողել չհեռանալու մասին:

«ՄՄՄ 2012»-ի ղեկավարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ «ՄՄՄ 2011»-ի փլուզումից հետո է միայն ստեղծվել «ՄՄՄ 2012»-ը: Ըստ նրա, առաջինի փլուզման պատճառը ԶԼՄ-ների կողմից բարձրացված աղմուկն էր, որն էլ հանգեցրեց անվստահության եւ փլուզման. - «ՄՄՄ»-ի ղեկավար Սերգեյ Մավրոդիի նպատակը ֆինանսական ապոկալիպսիսն է: Այն, ինչ հիմա կատարվում է ֆինանսական շուկայում, ուղղակի անարդարություն է, գումար են աշխատում միայն ղեկավարները, իսկ հասարակ մարդիկ մնում են նույն վիճակում: Նրա նպատակն է, որպեսզի այն մարդիկ, ովքեր գտնվում են վերեւում եւ ղեկավարում են այս ամենը, հավասարվեն մեզ»:

«ՄՄՄ»-ի ներկայացուցիչը ասաց, որ թեեւ «ՄՄՄ 2011»-ը այժմ չկա, բայց այնտեղ գումարներ ներդրած մարդիկ կստանան իրենց գումարները` առանց տոկոսների, այսինքն` այնքան, ինչքան ներդրել էին:

Բագրատ Ասատրյանի խոսքով, նման բուրգերը որպես կանոն աշխատում են ոչ զարգացած երկրներում, այնտեղ, որտեղ մարդիկ ուզում են շուտ հարստանալ: Նա ասաց, թե այսպիսի բուրգերի աշխատանքը կարելի է կանգնեցնել, եթե իրականացվի համապատասխան քարոզչություն եւ ստեղծվեն հնարավորություններ այլ կերպ գումար վաստակելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG