Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից


Դավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց անձամբ Շահնազարյանը:

«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասաց Շահնազարյանը:

Չնայած ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը հրաժարվեց մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ նրա գնահատականներից, կարելի է ասել, որ պատճառներից մեկը եղել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի քաղաքական համագործակցությունը:

«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխությունը, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», - ասաց Շահնազարյանը՝ շարունակելով. - «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:

Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:

«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, եւ հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ, այսինքն կամ ներկա իշխանությունը, կամ նախորդը», - ասաց Շահնազարյանը:

«Օսկանյանի առաջադրումը բացառվում է»

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշմանը՝ Շահնազարյանն ասաց, որ նույնիսկ որեւէ հիմքեր չկան հուսալու, թե այդ որոշումն ընդունվել է ԲՀԿ-ի կողմից կամ գոնե ընդունվել է Հայաստանում: Ավելին, ըստ Շահնազարյանի, կոալիցիային չմիանալու ԲՀԿ-ի որոշման մյուս կարեւորագույն հանգամանք այն է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը արդեն հստակ որոշում ուներ, որ նախագահական ընտրություններին պետք է մասնակցի իր թեկնածուով, քանի որ ինքն է ընդդիմության դիրիժորը:

«Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի, թե՝ ոչ, այդ հարցը Հայաստանում չեն որոշելու, եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն է որոշելու: Ակնհայտ է, որ նա փորձելու է Մոսկվային համոզել, որպեսզի իրեն սատար կանգնեն, բայց լուրջ կասկածներ ունեմ, որ Կրեմլը կգնա այդ քայլին՝ հաշվի առնելով այն բացասական ողջ պոտենցիալը, որ մեր հասակարությունը ունի Քոչարյանի հանդեպ, եւ որը կարող է վտանգի տակ դնել ոչ միայն հայ-ռուսական պետական հարաբերությունները, այլեւ ընդհանրապես մեր հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Պուտինը ուզի-չուզի պետք է այս ամենը հաշվի առնի», - ասաց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ առաջիկա նախագահական ընտրություններում կարող է առաջադրել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունն, ապա Շահնազարյանն ասաց, թե ինքը բացառում է այդ հնարավորությունը:

«Ինչ վերաբերում է նրա հրապարակային ելույթներին, երբ ես նրան լսում եմ, հիշում եմ մեր ժամամանակից մեծագույն դերասաններից մեկի խոսքերը՝ «սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը»: Կարծես թե Օսկանյանը չէր, ով հիմա խոսում է մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից, որ տասը բարձրաստիճան դիվանագետների հեռացրեց: Նրանք ընդամենը մի հայտարարություն էին արել՝ որպես Հայաստանի քաղաքացիներ: Այդ անձնավորությունը, այս ամենը մոռացած, Հայաստանի հանդեպ կատարած իր ամբողջ չարիքը մոռացած, հիմա ինչ-որ արժեքներից է խոսում. խոսում է, որ Արցախի հարցը լուծելու համար Հայաստանում պետք է ժողովրդավարություն լինի: Ինչ վերաբերվում է քաղաքական, այսպես կոչված հետապնդմանը, առայժմ Օսկանյանից բացի որեւէ մեկը չի հայտարարել, որ դա քաղաքական հետապնդում է, նույնիսկ իր հարազատ կուսակցությունում: Երկրորդ, երբ հայտարարում ես, որ քաղաքական հետապնդում է, նախ պետք է հերքես մեղադրանքը: Մեղադրանք չկա, նրան մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա: Մի խոսքով, Քոչարյանի ռեժիմի այդ կարկառուն ներկայացուցիչը նախ եւ առաջ պետք է պատասխան տա իր բոլոր արածների համար: Ես կողմ չեմ, որ Օսկանյանը կամ որեւէ մեկը հետապնդվեն այն արարքի համար, որ նրանք չեն կատարել, տվյալ դեպքում ես, անկեղծ ասած, ավելի շատ հավատում եմ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը, քան Օսկանյանին: Բայց Հայաստանի այսօրվա ծանր արտաքին քաղաքական վիճակը, որը ներկայիս իշխանությունը ժառանգել է հենց Օսկանյանից, սկսած հայ-թուրքական արձանագրություններից, որ Քոչարյան-Օսկանյանն են դրանց կնքահայրը, վերջացրած Ղարաբաղի այս վիճակով… եթե մի օր Օսկանյանը քաղաքական հետապնդման ենթարկվի, այն բանի համար, ինչ ինքը չի արել, [ես այս մեղադրանքի մասին չեմ ասում, որովհետեւ այստեղ լրիվ այլ կարծիք ունեմ], հավատացեք, ես կպաշտպանեմ նրան, որպեսզի նա չդատապարտվի այն արարքի համար, որը նա չի արել: Բայց միաժամանակ կրկնակի եռանդով ես ամեն ինչ կանեմ, որ նա դատապարտվի այն արարքների համար, որ նա կատարել է», - ասաց Շահնազարյանը:

«ՀՀԿ-ին մեծամասնությունից զրկելը՝ ՀԱԿ-ի նպատակ»

Դավիթ Շահնազարյանին հարցրեցինք, թե հաշվի առնելով իր այս բոլոր դիտարկումները, ինչպե՞ս է գնահատում «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ Հայ ազգային կոնգրեսի որդեգրած քաղաքականությունը։ Նկատենք, որ ՀԱԿ-ը պնդում է, թե ԲՀԿ-ի հետ իր համագործակցությունը քայքայեց իշխանական մոնոլիտը։ Ավելին՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները վերջին շրջանում ասում են, թե Քոչարյանը որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ։

«Որեւէ քաղաքականություն գնահատելու համար պետք է առաջին հերթին հաշվի առնել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ քաղաքականությունը։ Եթե քաղաքականությունը նպատակ է հետապնդում շարժումը ամրացնելու, իրականացնելու համար այն խնդիրները, որ դրված էին շարժման առաջ՝ սահմանադրական կարգի վերականգնում, օրինական իշխանության հաստատում Հայաստանում, ապա ես չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը համապատասխանում է այդ պահանջներին», - պատասխանեց Շահնազարյանը՝ շարունակելով․ - «Եթե այլ խնդիր է դրվում․ խորհրդարանական ընտրությունների միջոցով հասնել նրան, որպեսզի Հանրապետական կուսակցությունը չունենա մեծամասնություն եւ ձեւավորել մեծամասնություն, որտեղ առաջին ջութակի կամ դիրիժորի դերը կատարելու է «Բարգավաճ Հայաստանը» եւ այդ քաղաքականությունն իրականացնելուց քարոզարշավի ընթացքում չխուսափել սեփական էլեկտորատի զգալի մասը կորցնելուց հանուն այդ նպատակի, ապա, գեւցեեւ, ճիշտ է։ Նպատակը շատ հստակ էր դրված՝ վերցնել մեծամասնություն, Հանրապետականին զրկել մեծամասնությունից։ Բայց դրա արդյունքում ի՞նչ էր լինելու Հայաստանի հետ, երբ իշխանության գար, որպես դիրիժոր, «Բարգավաճ Հայաստանը»՝ մարդ նույնիսկ վախենում է մտածել այդ մասին։ Ուզում եմ մի անգամ եւս շեշտել, որ «Բարգավաճ Հայաստանին» ես համարում եմ հետադիմական ուժ թե՛ իր արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական նպատակներով»։

«Կարեւորը քաղաքացիական հասարակությունն է»

Հայ ազգային կոնգրեսից դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ հեռացած քաղաքական գործչի համոզմամբ, այսօր թուլացած է այն կարեւորագույն քաղաքական համակարգը, որը պետք է հիմնված լինի համամարդկային արժեքների վրա։ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ այդ համակարգի ձեւավորման վրա կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակությունը, որն այսօր շատ ավելի առողջ է, քան ողջ քաղաքական համակարգը։

«Ես վստահ եմ, որ իրավիճակը շատ արագ փոխվելու է եւ քաղաքական դաշտում հստակ ձեւավորվելու է այդ սեգմենտը հենց քաղաքացիական հասարակության շնորհիվ, որը կրկնակի ստանդարտներով ներքին քաղաքականությունում չի առաջնորդվելու», - նշեց նա։

Հարցին, թե առաջիկայում ինչո՞վ է զբաղվելու, Շահնազարյանն արձագանքեց․ - «Ամեն ինչ անելու եմ, որպեսզի նպաստեմ քաղաքական դաշտում այդ հատվածի ձեւավորմանը»։

Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով որեւէ քաղաքական ուժի անդամակցելու մասին հարցին, ասաց, որ ինքը «իհարկե» շարունակում է մնալ Հայոց համազգային շարժման անդամ եւ մտադիր չէ դուրս գալ ՀՀՇ-ից։

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությանը՝ պատասխանեց, թե կհամագործակցի «այն ուժերի հետ, որոնք կդավանեն գաղափարական այս արժեքներին»։

«Այդպիսի ուժեր Հայաստանում կան, բայց, նորից եմ ասում, կարեւորը քաղաքացիական հասարակությունն է», - ասաց Շահնազարյանը՝ հավելելով․ - «Այն, ինչ որ հիմա ասացի, ես գիտեմ, որ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվելու։ Ես առաջարկում եմ ուղղակի կազմակերպել բանավեճ-քննարկումներ, եւ քաղաքակիրթ ձեւով փորձել իրար լսել, իրար հասկանալ։ Պարտադիր չէ իրար կարծիք ընդունել։ Եվ պատրաստ եմ ինքս նախաձեռնել այդ քննարկումները»։

«Հարսնաքարի» դեպքը՝ գազանաբարո սպանություն

Դավիթ Շահնազարյանը «գազանաբարո սպանություն» որակեց «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը: Քաղաքական գործչի համոզմամբ, պետք է բացահայտվեն «սումգայիթյան ոճով» կատարված այս սպանության բոլոր հանգամանքները, քննությունը պետք է թափանցիկ ընթանա: Սակայն ՀԱԿ-ի նախկին անդամը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ սպանությունը կատարվել է համակարգված կառույցի կողմից: Շահնազարյանի համոզամամբ, պետությունն այսօր արդարադատություն իրականացնելու իր գործառույթները զիջել է «թիկնազորային բանակներին»:

«Հայաստանում կան կառույցներ, որոնց իշխանությունը զիջել է այնպիսի գործառույթներ, որոնք պետք է պատկանեն միայն եւ միայն իշխանությանը: Տվյալ դեպքում արդարադատություն իրականացնելու եւ շատ ու շատ այլ ֆունկցիաներ զիջված է այդ քրեական կառույցներին: Այդ կառույցները, այդ ինստիտուտները հստակ քաղաքականացված են: Իրենց էությամբ բոլոր այդ կառույցները երկու քաղաքական ուժերի, կուսակցությունների՝ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» ենթակառուցվածքներ են հանդիսանում. այդ թիկնազորները, բանակները կատարում են պետությանը բնորոշ գործառույթներ, եւ այդ գործառույթները պետությունը ինքնակամ զիջել է: Այդ խնդիրը այնքան է խորացել, որ սա դարձել է մեր պետության անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկը: Ըստ էության, այդ կառույցներից դուրս գրեթե կազմակերպված հանցագործություն Հայաստանում գոյություն չունի: Պետք է իսպառ վերացվեն այդ ինստիտուտները: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամեն օր տնից դուրս գալուց գնում է պատերազմի եւ ենթարկվում է նույն վտանգին, ինչ մեր զինվորականները շփման առաջին գծում, որովհետեւ գործում են այդ կառույցները: Պետք է այդ ինստիտուտները իսպառ վերացնել, եւ այստեղ իմ հույսը բացառապես մեր քաղաքացիական հասարակությունն է», - ասաց նա:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքին, ով Վահե Ավետյանի սպանությունից հետո մուտք էր գործել «Հարսնաքար» եւ սպառնացել պայթեցնել այն։

«Անխոս, դա դատապարտելի արարք է։ Սպան իրավունք չունի իր զգացմունքներին այդպիսի ազատություն տալու», - ասաց նա, - «բայց ինչ որ հիմա պիտի ասեմ, ինձ դրա համար շատ քննադատելու են, բայց ոչինչ։ Ես ուրախ եւ հպարտ եմ, որ Սամվելյանի նման սպաներ կան մեր բանակում։ Փառք Աստծո, որ բանակցությունների միջոցով մեր իրավապահները, անվտանգության աշխատակիցները, ոստիկանության աշխատակիցները, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացան հետ պահել այդ քայլից։ Բայց գիտեք՝ մեր բանակը նման սպաների վրա է հիմնված եւ ես հպարտ եմ դրանով»:

please wait

No media source currently available

0:00 0:10:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG