Մատչելիության հղումներ

Հայաստանում է «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ եւ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում:

«Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի համոզմամբ, երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաեւ մշակութային, կրթական եւ հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը», - ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Կոնստանտին Կոսաչեւի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ: «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG