Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթ խնդիրներից է»


«Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր ելույթ ունենալով Հայաստանի դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` Տիգրան Սարգսյանը նշել է. - «Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության եւ դատախազության առջեւ ծառացած խնդիրները նույնական են, ավելին` պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարեւորագույն մարտահրավերների»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմելով դատախազներին` վարչապետը նշել է, որ քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը` համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձեւով է իրականացնում իր գործառույթները:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Տիգրան Սարգսյանին` արդարադատության երկրորդ դասի պետական դասային աստիճան: Պարգեւները վերջիններիս հանձնել է Տիգրան Սարգսյանը:

Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ էլ պարգեւատրվել են վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG