Մատչելիության հղումներ

Վերաբացվել է Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը


Այսօր Երեւանի Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի մինչեւ տարեվերջ` շաբաթ եւ կիրակի օրերին:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տարբեր բնակավայրերից իրենց ապրանքը Երեւան հասցրած գյուղացիներին անվճար տաղավարներ, վրաններ, կշեռքներ է հատկացնում: Այս շուկայում տեղերի քանակը 160 է:

Գյուղացիները հիմնականում գոհ են: Ասում են, որ տոնավաճառը գյուղմթերքը հեշտությամբ վաճառելու մի հնարավորություն է իրենց համար:

Կան գյուղացիներ, ովքեր դեռեւս նախորդ տարվանից են մասնակցում տոնավաճառին: Ասում են, որ ավելի հարմար է ապրանքը վաճառել այս կերպ, քան էժան գներով դրանք հանձնել վերավաճառողներին, ովքեր էլ իրենց հերթին այն ավելի թանկ գնով վաճառում են քաղաքաբնակներին:

«Շատ գոհ ենք, անցած տարի էլ եկել էինք: Օրական 200 կգ խնձոր ենք վաճառում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմավիրի մարզից եկած մի կին: - «Բայց շատ քիչ է` վերավաճառողի համեմատ»:

Տոնավաճառի վերաբերյալ գնորդների կարծիքները կիսվում են: Նրանց մի մասն ասում է, թե այստեղ համեմատաբար էժան գնումներ են կատարում, մյուս մասն ասում է, թե ամեն ինչ նույն գինն ունի, ինչ խանութներում ու շուկաներում:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, նախորդ տարի կազմակերպվել է 36 տոնավաճառ: Միջին հաշվով դրանցից յուրաքանչյուրին մասնակցել է շուրջ 200 գյուղացիական տնտեսություն: Ընդհանուր առմամբ 36 տոնավաճառներին գրանցվել են ավելի քան 7000 գյուղացիական տնտեսություններ Հայաստանի 242 գյուղական համայնքներից: Տոնավաճառներին պարբերաբար մասնակցել են նաեւ մի շարք գյուղատնտեսական կոոպերատիվներ եւ գիտական կենտրոններ:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG