Մատչելիության հղումներ

Պետական եւ հասարակական կառույցները քննարկում են հաշմանդամների խնդիրները


Հունիսի 29-ին մեկնարկած երկօրյա համաժողովի շրջանակներում պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչները քննարկում են հաշմանդամներին հուզող խնդիրները, դրանց հնարավոր լուծումները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց, որ պետական քաղաքականության փոփոխությունները առաջին հերթին միտված են հաշմանդամների կրթությանը, զբաղվածությանը եւ տեղաշարժման մատչելիությանը:

«Կառավարությունը եւս մեկ անգամ այս հարցերը, դրանց իրականացման ուղիները հստակ դրել է», - ասաց Բաղդասարյանը:

Մինչդեռ «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը համոզված է, որ կառավարության ծրագրում հօգուտ հաշմանդամների ոչինչ չի փոխվել:

«Ոչ կառավարությունն է նոր, ոչ էլ ծրագիրը: Ունենք այն ինչ ունեցել ենք», - ասաց նա` պնդելով, որ ոլորտում անելիքները շատ են:

Օհանյանի խոսքով` այսօր հաշմանդամների հիմնական խնդիրը մատչելիությունն է, այսինքն դրա բացակայությունը բառի լայն իմաստով` կրթություն, աշխատանք, թեքահարթակներ, տրանսպորտ, մասնակցություն հասարակական-քաղաքական գործընթացներին, ընտրություններին, մշակութային իրադարձություններին: Ըստ նրա` պետությունը տարբեր մեխանիզմներ է մշակում, խնդիրները փորձում լուծել. արդեն մի քանի տարի է հաշմանդամին աշխատանքի վերցնող գործատուին պետությունը աշխատավարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում:

«Սա էլ բավարար չէ: Մենք քանի դեռ պայմաններ չենք ստեղծել, որ հաշմանդամը անարգել գնա աշխատանքի, որքան էլ փոխհատուցեն, միեւնույն է ոչ հաշմանդամը, ոչ էլ գործատուն չեն կարող համագործակցել», - կարծում է Օհանյանը:

Ռուդիկ Սարգսյանը մոտ 10 տարի առաջ աշխատանքի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով հենաշարժողական խնդիրներ ունի: Երիտասարդը բնակվում է Թալինում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ եթե Երեւանում որոշ չափով առաջընթաց կա, ապա մարզերում այն պարզապես բացակայում է:

«Գյուղական համայնքներում, քաղաքներում հնարավոր չէ սայլակով տեղաշարժվել, բացարձակապես ոչինչ հարմարեցված չէ: Ոչ Երեւանում, ոչ էլ մարզերում լուծված չէ տրանսպորտի խնդիրը: Ես անձնական մեքենայով եմ տեղաշարժվում, սակայն նրանք ովքեր չունեն մեքենա մեծ դժվարություններ են ունենում», - ասաց նա:

Անդրադառնալով հաշմանդամներին պետության կողմից տրվող նպաստին` «Փարոս»-ի նախագահը նշեց, որ այն չի բավարարում նույնիսկ նվազագույն խնդիրները լուծելու համար. - «Նպաստը ելք չէ, պետք է հնարավորություն տրվի աշխատելու»:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG