Մատչելիության հղումներ

«Եվրո - 2012»-ի եզրափակիչում կհանդիպեն Իսպանիան եւ Իտալիան


Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչում հուլիսի 1-ին Կիեւի Օլիմպիական մարզադաշտում կհանդիպեն աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները։

Իտալիայի հավաքականը հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ։ Վարշավայում կայացած խաղում իտալացիներից երկու գոլի հեղինակ դարձավ Մարիո Բալոտելին՝ 20-րդ եւ 36-րդ րոպեներին, գերմանացիները հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին իրացրեցին 11-մետրանոցը՝ գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը։

Սա Գերմանիայի հավաքականի միակ պարտությունն էր «Եվրո - 2012»-ում՝ նախորդ բոլոր չորս հանդիպումներում գերմանացիները հաղթանակ էին տարել։

Իտալիան այս առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել՝ հաղթելով երկու խաղում եւ ոչ-ոքի ավարտելով երեքը։

Նախօրեին Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում ետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Պորտուգալիայի թիմի նկատմամբ. խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակը ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

Իսպանիան նույնպես ոչ մի պարտություն չի կրել «Եվրո - 2012»-ում՝ տանելով երեք հաղթանակ եւ երկու հանդիպում ավարտելով ոչ-ոքի։

Այս առաջնությունը Իսպանիան եւ Իտալիան սկսել են միմյանց հետ հանդիպմամբ, որն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Երկու ուժեղագույն թիմերը միմյանց հետ հանդիպմամբ էլ կավարտեն «Եվրո - 2012»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG