Մատչելիության հղումներ

Աջարական գյուղի բնակիչները բողոքում են սեքս տուրիզմի դեմ


Վրաստան - Լողափ Բաթումիում, արխիվային լուսանկար
Վրաստան - Լողափ Բաթումիում, արխիվային լուսանկար
Սեւ ծովի ափին գտնվող աջարական Գոնիո գյուղը գրավիչ է իր տեսարժան վայրերով, գեղեցիկ լողափով եւ լավ պահպանված հնամենի ամրոցով, սակայն վերջին տարիներին փոքրիկ այս գյուղում տուրիստներին նաեւ այլ բան է հրապուրում:

Տեղացիները ասում են, իրենց երբեմնի խաղաղ գյուղը վերածվել է մարմնավաճառության կենտրոնի, ուր ամռանը հիմնականում Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Կովկասից հարյուրավոր կանայք են ժամանում` իրենց ծառայություններն առաջարկելու սահմանակից Թուրքիայից ժամանած հանգստացողներին:

Վերջերս հաճախորդների մեջ նաեւ հայաստանցի տղամարդիկ են:

Տեղացիները բողոքում են, որ կիսամերկ կանայք հաճախորդ գտնելու ակնկալիքով բացեիբաց կանգնում են գյուղի գլխավոր փողոցում, որտեղով անցնում են բոլորը:

Գոնիոյի բնակիչներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը ասել է. - «Աջարիայում բոլորը գիտեն, թե այստեղ` Գոնիայում ինչ խնդրի ենք բախվում: Այս ուզբեկ կանայք թափառում են գյուղով մեկ, նրանց չի հետաքրքրում, որ իրենց կողքին երեխաներ կան, թուրքերի հետ միասին նրանք գրավել են Գոնիոն, հնարավոր է անգամ` ողջ Բաթումին»:

Մարմնավաճառներին դժվար է չնկատել ընդամենը երեք հազար բնակիչ ունեցող Գոնիոյում, տեղացիներն ասում են` թեթեւաբարո կանանց ներկայությունը խորապես վիրավորում է իրենց եւ խաթարում իրենց ավանդական ապրելակերպը:

Մամուկա Մալախմաձեն ասում է հետեւյալը. - «Այստեղ հանգստացող թուրքերը սկսում են մտածել, որ բոլոր կանայք են այդպիսին։ Մենք շատ հպարտ ժողովուրդ ենք, եւ եթե որեւէ մեկը մեր կանանց կամ նույնիսկ մեր հարեւան կանանց մոտենա, դա լավ չի վերջանա նրանց համար։ Բայց ինչո՞ւ մենք պետք է մեր իսկ գյուղում նման խնդրի բախվենք»:

Տեղացիները մեղադրում են Վրաստանի իշխանություններին Գոնիոյում առկա խնդրի վրա աչք փակելու համար: Նրանք կանոնավոր պիկետներ են կազմակերպում սեքս տուրիզմի դեմ, վերջերս էլ մոտ 450 հոգի բողոքի նամակ է ուղղել տեղի իշխանություններին, Աջարիայի ղեկավարությանն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:

Իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկել են. ոստիկանությունը պատահական շրջայցեր է անցկացնում, սակայն հիմնականում վերադառնում է դատարկաձեռն:

Բնակիչներն ասում են` գլխավոր փողոցը դատարկվում է ոստիկանների ժամանումից րոպեներ առաջ, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ մարմնավաճառները կապեր ունեն ոստիկանական շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG