Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է կանանց խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովին։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա նաեւ պետքարտուղարի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են մի շարք խնդիրներ, որոնցից առավել հրատապը երկուսն են` Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակը եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած «Մագնիտսկու օրենքը»։
Կրեմլի վրդովմունքը հարուցած այդ փաստաթուղթը օրենքի ուժ ստանալու դեպքում ամերիկյան կողմին թույլ կտա մերժել մուտքի արտոնագրերի տրամադրումը բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր, ամերիկացիների կարծիքով, կարող են առնչություն ունենալ «Մատրոսկայա տիշինա» բանտում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործի հետ։
Ռուսական կողմը այդ առիթով հայտնել է, որ ի պատասխան դրան` պաշտոնական Մոսկվան մուտքի արտոնագրեր չի տրամադրի ամերիկացիներին։
Սանկտ Պետերբուրգում Քլինթոնը ռուսներին կհորդորի սիրիացիներին չվերադարձնել Ռուսաստանի գործարաններում նորոգված մարտական ուղղաթիռները եւ ընդհանրապես զերծ մնալ այդ երկրին զենք մատակարարելուց։
Վերլուծաբանների կարծիքով` ե՛ւ պաշտոնական Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը աջակցում են ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի միջնորդական ծրագրին։
«Քոֆի Անանը կարողացել է Սիրիայի հարցում մերձեցնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, այդուհանդերձ, մենք հստակ նկատել ենք տալու, որ ճիշտ չէ զինել Բաշար ալ-Ասադի վարչակարգն այն ժամանակ, երբ մենք այդ երկրում իշխանափոխություն ենք ակնկալում», - ասել է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը եւ ավելացրել. - «Կարծում ենք, պետքարտուղար Քլինթոնը եւ նախարար Լավրովը թեման կշարունակեն քննարկել նաեւ հաջորդ օրը Ժնեւում»։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեյցարիայում շաբաթ օրը տեղի կունենա Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Չինաստանից բացի, հրավիրված են նաեւ Եվրամիությունը, Թուրքիան, Իրաքը, Քուվեյթն ու Քաթարը։
Սանկտ Պետերբուրգում Հիլարի Քլինթոնը հանդիպելու է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Ուղիղ հեռարձակում