Մատչելիության հղումներ

Կալանավորված զինվորի մայրը հացադուլ է հայտարարել


Կալանավորված զինվորի մայրը` Շամիրամը, կառավարության շենքի առջեւ, 28 հունիսի, 2012
Կալանավորված զինվորի մայրը` Շամիրամը, կառավարության շենքի առջեւ, 28 հունիսի, 2012
Մի քանի օր շարունակ կառավարության շենքի առջեւ բողոքող զինվորի մայրն հինգշաբթի օրը հացադուլ հայտարարեց: Կալանքի տակ գտնվող շարքային զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայր` Շամիրամը, եւ տատը արդարություն են պահանջում: Մայրն ասում է` հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ որդուն չազատեն կալանքից:

Երեւանից Սիսիան զորակոչված 19-ամյա Ռուբեն Միքայելյանը մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Ըստ հարուցված քրեական գործի, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու համար զինվորը վնասել է երակները: Մայրը, սակայն, բացառում է որդու արարքը: Նա ասում է, որ որդին չէր կարող տուն գալու համար ինքն իրեն վնասել, քանի որ արձակուրդի թուլտվություն արդեն ստացել էր:

«Ապրիլի 1-ին նշանածի ծնունդին պիտի գար ու ապրիլի 2-ին հոր ծնունդին պիտի գար: Ո՞նց եք մտածում, պիտի իմ էրեխեն իրեն փրթեր, նոր գա՞ր: Իմ էրեխեն իր կամքով է գնացել ծառայության` իմանալով, որ սրտի արատ ունի», - այսօր արտասվելով լրագրողներին էր պատմում Շամիրամը:

Ռուբեն Միքայելյանը մարտի վերջին զորամասի լվացարանում վնասել է երակները, ինչը պաշտպանության նախարարությունը անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի միջոցով ծառայությունից խուսափել է որակել:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մեկ տարի բանակում ծառայող զինվորի նկատմամբ քրեական գործն արդեն դատարանում է: Զինվորի մայրն ասում է, որ որդին սրտի հիվանդություն ունի, բանակ է զորակոչվել ոչ շարային ծառայության համար եւ անցած մեկ տարում բարեխիղճ ծառայող է համարվել: Ըստ մոր, այս ամենի պատճառը անցած տարեվերջին տեղի ունեցած մի դեպք է, երբ տղան մեկ այլ գործով վկա է եղել եւ իրավապաշտպաններին պատմել է իրականությունը զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Դրանից հետո զինվորները սկսել են նրան ծաղրել, ծեծել: Ռուբենն էլ, Շամիրամի խոսքով, չդիմանալով ծառայակիցների եւ սպայական կազմի ստորացումներին ու ծեծին, որոշել է վերջ տալ կյանքին:

«Իմ տղային դաժանաբար ծեծել են լեյտենանտը եւ կրտսեր սերժանտը, էնպես են ծեծել, ահավոր վիրավորանքներով, ասել են` թե տղա ես, արի պատասխանդ ստացի, քեզ մենակ մի բան կասեմ, որ գնա քեզ սպանի, թե չէ մենք կսպանենք: Ես տեսել եմ իմ երեխայի կապտած մարմինը», - պատմում էր Շամիրամը:

Զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, բայց ծեծի ենթարկած զինվորների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմ չլինելու պատճառով: Զինվորի մայրը բողոքում է, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ որդուն ծեծողների նկատմամբ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, իսկ նրանց պատճառով ինքնասպանության փորձ կատարած որդուն հիմա ուզում են դատապարտել ծառայությունից խուսափելու համար:

Զինվորի մոր ու տատի բողոքի ցույցի ժամանակ տատի ինքնազգացողությունը վատացավ: Շտապօգնության աշխատակիցները ծեր կնոջը հիվանդանոց տեղափոխեցին:

Դրանից հետո Շամիրամին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության աշխատակիցը: Նա տեղեկացավ կնոջ բողոքին, ինչից հետո պաշտպանության նախարարության աշխատակցի հետ միասին փորձում էին կնոջը տանել պաշտպանության նախարարության քննչական վարչություն` խնդրի վերաբերյալ զրուցելու: Բայց կառավարության առջեւ բողոքող մահացած զինվորների ծնողները հորդորեցին կնոջն առանց փաստաբանի չգնալ: Շամիրամն այդպես էլ վարվեց:

Նա «Ազատություն» ռադիոկայանին ավելի ուշ փոխանցեց, որ մոր առողջական վիճակը լավ չէ, ու ինքը հնարավոր է որոշ ժամանակով դադարեցնի հացադուլը:

Ավելի ուշ` ուրբաթ օրը, Ռազմական ոստիկանության Եղեգնաձորի կայազորի դատախազ Տիգրան Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռուբեն Միքայելյանը այժմ գտնվում է Սիսիանի զորամասում` հսկողության ներքո, ու դատարանը կորոշի` մեղավոր է նա, թե` ոչ: Սարգսյանն ասում է, որ զինվորն իրականում չի ցանկացել շարունակել ծառայությունն ու այդ պատճառով ինքն իրեն վնասել է:

Դատախազը հավելեց, թե զինվորն իր նախաքննական ցուցմունքներում նշել է, որ այդ քայլին է դիմել, որպեսզի չմասնակցի զորավարժանքներին ու դրա պատճառով կրկին կրտսեր սերժանտի կողմից ծեծի չենթարկվի:

«Այսպիսով, զինվորը խուսափել է ծառայությունից», - ասաց զինդատախազը:

Ինչ վերաբերում է զինվորի մոր այն մեկնաբանություններին, թե որդուն դատում են, բայց որդուն ծեծողներին անպատիժ են թողնում, Սարգսյանը տեղեկացրեց, որ զինվորին ծեծի ենթարկած կրտսեր սերժանտի դեմ քրեական գործ է հարուցված, ու գործը արդեն դատարանում է: Իսկ Ռուբեն Միքայելյանի
այն ծառայակիցները, որոնց հետ վեճի է բռնվել նա, քրեական հետապնդման չեն ենթարկվի հանցակազմի բացակայության պատճառով, ամփոփեց Եղեգնաձորի զինդատախազ Սարգսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG