Մատչելիության հղումներ

Հայ - ավստրիական գործարար համաժողով Երեւանում


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը մասնակցեցին հայ - ավստրիական տնտեսական համաժողովին։

Իր ելույթում Հայաստանի նախագահը կարեւորեց Ավստրիայի հետ
համագործակցության համար անհրաժեշտ իրավական դաշտի առկայությունը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանն ակտիվորեն համագործակցում էր Ավստրիայի հետ, ճգնաժամից հետո համագործակցությունն անկում ապրեց, եւ շրջանառության ծավալները դեռ չեն վերականգնվել։ Նրա խոսքերով` այս համաժողովը կարեւոր հարթակ է համագործակցության ծավալները մեծացնելու համար։

«Կարեւորում եմ հայ - ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեությունը` որպես արդյունավետ հարթակ տնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա կարեւորեց այն հանգամանքը, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը համարվում է համագործակցության համար առաջնային երկրներից մեկը։

«Հուսով եմ` մոտ ապագայում կյանքի կկոչվեն գյուղատնտեսության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում քննարկվող համատեղ ծրագրերը», - նշեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով. - «Երկու ոլորտներն էլ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, եւ այդ ծրագրի իրականացումը կարեւոր է ոչ միայն մեր տնտեսության զարգացման, այլեւ անվտանգության տեսանկյունից»։

Ավստրիայի նախագահը, իր հերթին, կարեւորեց Հայաստանի տնտեսության աճի զարգացման միտումները։

«Ավստրիայում մենք նմանատիպ մի իրավիճակում ենք։ 2011-ից հետո բյուջեի սղաճն ավելի քիչ եղավ, քան կանխատեսում էինք, եւ սա հնարավորություն կստեղծի արտահանումների ու ներդրումների համար», - ասաց Հայնց Ֆիշերը։

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հույս ունի, որ Ավստրիայի նախագահի այցի Հայաստան ու գործարարների հետ հանդիպումը ճանապարհ կբացի լայն համագործակցության համար։

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվեցին երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ հուշագիր Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ, վարկային համաձայնագիր Հայաստանի ֆինանսների նախարարության եւ ավստրիական «Ռայֆայզեն» բանկի միջեւ` 8 միլիոն եվրո ցածր տոկոսադրույքով վարկի վերաբերյալ, եւ համաձայնագիր Հայաստանի «Ասկե» ընկերության եւ ավստրիական «Սիեմենս Վաի» մետալուրգիական տեխնոլոգիական ընկերության միջեւ համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG