Մատչելիության հղումներ

Հայաստանում թմրամիջոցներ գործածողների թվի աճ է նկատվում


Հայաստանում թմրամիջոցներ գործածողների թվի շարունակական աճ է նկատվում։ Այդ են փաստում ինչպես պաշտոնական տվյալները՝ սկսած ոստիկանությունից մինչեւ առողջապահության նախարարություն, այնպես էլ հասարակական սեկտորի ներկայացուցիչները։

Նարկոլոգիական կլինիկայում այսօր շուրջ 3 հազար 8 հարյուր թմրամոլ է գրանցված, սակայն թմրանյութեր օգտագործողների իրական պատկերը, ըստ Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանի, շատ ավելի մտահոգիչ է։

«3 հազար 8 հարյուր անձը կոնկրետ թմրամիջոցներից կախվածություն ունեցող, ներերակային թմրամիջոց գործածողներն են։ Այլապես, Հայաստանի Հանրապետությունում երբեւիցե թմրամիջոց գործածելու փորձ արած անձանց թիվը հասնում է 104 հազարի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մալինցյանը։

Ոստիկանությունը նոր եւ վտանգավոր միտում է արձանագրում Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների շրջանում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Սերոբ Հարությունյանը ներկայացնում է բազմաթիվ դեպքեր, երբ տնային պայմաններում բենզինից թմրանյութ են ստանում։

«Բենզոմորֆին տեսակի թմրամիջոցն է, որի պատրաստման եղանակը նույնիսկ կա ինտերնետային կայքերում։ Հասարակ բենզինը, լուցկու գլխիկները, ցավազրկող դեղորաքը խառնելու ու եռացման միջոցով ստանում են բենզոմորֆին տեսակի թմրանյութը, որը օգտագործելուց մոտ 8-9 ամիս հետո մարդու մոտ սկսվում է փտախտ», - նշեց Սերոբ Հարությունյանը։

Մոտ մեկ տարի առաջ էլ ոստիկանությունը ընդհատակյա լաբորատորիա էր հայտնաբերել, որտեղ գործազուրկ գիտնականները թմրանյութեր էին ստանում սեփական ուժերով։

Թմրամիջոցների դեմ պայքարն իրականացվում է եռաստիճան․ առաջնային փուլում գործին լծված կառույցները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում․ թմրանյութերի առգրավում, բուժում։ Երկրորդային կանխարգելումը ավելի շատ բարոյահոգեբանական է, երբ, օրինակ, աշակերտներին բացատրում են, թե ինչ չարիք է թմրամոլությունը։ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցի ներկայացմամբ, Հայաստանում նաեւ պայքարի միջոցներից երրորդ տեսակն են փորձարկում, երբ մի թմրանյութը փոխարինվում է մեկ այլ՝ ավելի մեղմ դեղամիջոցով։

«Իրենք ստանում են խմելու տեսքով, ոչ թե դեղահաբի, որ չներարկեն, չտանեն վերավաճառեն եւ այլն։ Առաջին հերթին որպես քրեական տարր են իրենք բացակայում հասարակության մեջ։ Երկրորդը՝ բժշկական առումով, էլ չկա ներերակային թմրամիջոց օգտագործելու գաղափարը, որ արյան միջոցով կարող ենք տարածել տարբեր հիվանդություններ», - մեկնաբանեց Դավիդյանցը։

Նրա խոսքով, այսպիսի բուժման կուրս է անցնում շուրջ 160 մարդ։

Հայաստանը թմրանյութերի տարանցիկ երկիր չէ, բայց ոստիկանությունը, այնուամենայնիվ, վտանգը մեծ է համարում։ Հայաստան թմրանյութեր ներմուծվում են Իրանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից։

please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG