Մատչելիության հղումներ

Ամբաստանյալները խոսում են խոշտանգումների մասին


Բանակում մահացած սպա Արտակ Նազարյան, արխիվային լուսանկար
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը կայացավ սպա Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Ցուցմունք տվեցին ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը:

Կիրակոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Ռազմական ոստիկանությունում իրեն խոշտանգումների են ենթարկել եւ փորձել են իրենից սուտ ցուցմունք կորզել: Ամբաստանյալի հարցաքննությունից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց` տուժող կողմը համոզված է, որ Հարութիկ Կիրակոսյանը Արտակ Նազարյանի սպանության հետ որեւէ կապ չունի:

«Այս ողջ ընթացքում նա հանիրավի մեղադրվել է, ապօրինի զրկվել է ազատությունից, շուրջ մեկ տարի ապօրինի պահվել է կալանքի տակ», - ասաց Շուշանյանը:

Շուշանյանը հայտարարեց, որ դատարանում Հարութիկ Կիրակոսյանի տված ցուցմունքների հիման վրա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել եւ հետաքննություն անցկացնել: Նա նաեւ միջնորդություն ներկայացրեց դատարանին դիմելու դատախազություն:

«Երբ քրեական գործի դատական քննության ընթացքում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ի հայտ գալիս, դատարանը պարտավոր է համապատասխան միջնորդությամբ քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ դիմել դատախազին», - ասաց Շուշանյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին միացան նաեւ պաշտպաններ Լեւոն Պողոսյանը եւ Հրանտ Գեւորգյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ դատաքննության ավարտից հետո գործը կուղարկի դատախազություն: Դատարանի այս որոշման հետ համաձայն չէին տուժող կողմը եւ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը` պնդելով, որ դա անիմաստ կլինի դատաքննության ավարտից հետո:

Մյուս ամբաստանյալը` Ադիբեկ Հովհաննիսյանը, եւս հայտարարեց, որ իրեն բռնի ուժով ստիպում էին ցուցմունք տալ այն մասին, որ ինքը ծեծել է Արտակ Նազարյանին: Հովհաննիսյանը հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքներից` պատճառաբանելով, որ ճնշման արդյունքում սուտ ցուցմունք է տվել:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին եւ հիմնավորեց, որ էական տարբերություններ կան նրա նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների մեջ:

Ի դեպ, Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանում մի քանի անգամ նշեց, որ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից: Չնայած տուժող կողմը եւ պաշտպանները առարկեցին, դատարանը բավարարեց միջնորդությունը, հրապարակվեցին Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները:

Դատավարությունը ամբաստանյալների հարցաքննման փուլում է: Հիշեցնենք, ըստ պաշտոնական վարկածի, Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկի ավագ, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG