Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել


Ֆրանսիա -- ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը (ձախիղ) կուսակցության կրծքանշան է հանձնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարսել, 8-ը դեկտեմբերի, 2011թ․
Ֆրանսիա -- ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը (ձախիղ) կուսակցության կրծքանշան է հանձնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարսել, 8-ը դեկտեմբերի, 2011թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին, ինչպես նաեւ կհանդիպի Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։

Սա վերջին չորս ամսվա ընթացքում Հայաստանի նախագահի երկրորդ այցն է Եվրամիության մայրաքաղաք։ Մեկ ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, Բրյուսել էր մեկնել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին մտել են բովանդակային նոր փուլ. ընդամենը մի քանի օր առաջ Բրյուսելում մեկնարկեցին բանակցությունները ազատ առեւտրի գուտու շուրջ, որը հսկայական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է Բրյուսելում աշխատող փորձագետ, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Ղազարյանը։

Քաղաքական սերտ կապերից ու հանդիպումներից բացի Եվրամիությունը էականորեն ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը. եթե 2007-2010 թվականներին Երեւանը ԵՄ-ից ստացել է մոտ 100 միլիոն եվրո, ապա վերջին տարիներին այդ գումարը հասել է արդեն 150 միլիոնի։

«Բրյուսելում հստակ նշում են, որ գոհ են Հայաստանի իշխանությունների կատարած բարեփոխումներից թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշտում, սակայն, սպասում են ավելիին, եւ հաջորդ «քննությունը» կարող է լինել 2013 թվականի նախագահական ընտրությունը», - ասում է Սարգիս Ղազարյանը։

Երկկողմ հարաբերությունները քննարկելու բացի, ակնկալվում է, որ Եվրամիության արտգործնախարարը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կանդրադառնա ղարաբաղյան խնդրին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Բրյուսելը փորձում է առավել ակտիվ դեր ստանձնել կարգավորման գործընթացում։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Եվրամիությունը հայտարարեց, որ ուզում է իր դիվանագետների համար անարգել եւ առանց նախապայմանների մուտք ունենալ Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել՝ կողմերի միջեւ վստահությունը ամրապնդելու համար։

«Բրյուսելում շատ լավ են հասկանում, որ այս հակամարտության սրումը բացասաբար կարող է ազդել նաեւ եվրոպական ընտանիքի վրա, եւ շատ են մտահոգ այդ հարցով», - փաստում է Սարգիս Ղազարյանը։

Փորձագետների խոսքով, պակաս կարեւոր չէ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին։

Հանդիպումը անցկացվում է Եվրամիության առաջնորդների՝ կես տարին մեկ գումարվող գագաթնաժողովի նախօրեին. այստեղ է, որ Եվրամիության քաղաքական ընտանիքները՝ աջերը իրենց հերթին, ձախերը՝ իրենց, առանձին հանդիպումներ են անցկացնում եւ դիրքորոշումներ ձեւավորում այս կամ այն հարցի վերաբերյալ։

«Հայաստանը ամենաբարձր մակարդակով առաջին անգամ է մասնակցում այդ հանդիպմանը, ինչը շատ լավ հնարավորություն է պաշտոնական Երեւանի տեսակետները Եվրամիության նախագահին, Եվրահանձնաժողովի նախագահին կամ Գերմանիայի կանցլերին ներկայացնելու համար», - փաստում է փորձագետը՝ հիշեցնելով, որ նրանք բոլորն էլ ԵԺԿ-ից են, որին դիտորդի կարգավիճակով անդամակցում են նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրն» ու «Ժառանգությունը»։

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG