«Եթե Իտալիան կարողանա ցուցաբերել այն սառնասրտությունը, բարձրագույն արհեստավարժությունը եւ վայելչագեղությունը, որով Անդրեա Պիրլոն իրականացրեց ետխաղային 11-մետրանոցը, ապա կկարողանա լուրջ մարտահրավեր նետել հզոր Գերմանիային», - կիրակի օրը տեղի ունեցած Անգլիա - Իտալիա հանդիպումից հետո այս կարծիքն է հայտնել «Ռոյթերզ»-ի մարզական մեկնաբան Մարք Միդոուզը։
Իտալիա - Անգլիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, ետխաղային 11-մետրանոցների հաշիվն էր 4-2 հօգուտ «Կապույտ ընտրանու» (Squadra Azzurra)։
«Ես նկատեցի, որ անգլիացիների դարպասապահ Ջո Հարթն ահավոր լարված է, ճչում է 11-մետրանոցներն իրականացնողների վրա, այդպես ուզում է մեզ վախեցնել եւ ինքն իրեն ոգեւորել», - ասել է Պիրլոն եւ ավելացրել. - «Այդ վայրկյանին մտքովս անցավ cucchiaio-ի գաղափարը»։
Cucchiaio իտալերեն նշանակում է «գդալ». ֆուտբոլային տերմինով այդպես են անվանում 11-մետրանոց հարվածը, երբ խփողը գնդակն ուղարկում է դարպասի կենտրոն` ճիշտ դարպասապահի վրա, ով այդ պահին արդեն աջ կամ ձախ է նետվում։
Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը խաղից հետո ասել է, որ իր մարզիկները շատ ջանքերն են գործադրել հաղթանակի համար։
«Մենք լավ ենք աշխատել, մենք ունեինք առողջական խնդիրներ` Սքոթ Փարքերի աքիլեսյան գարշապարը, Սթիվեն Ջերարդի մկանի կծկումը։ Բայց միեւնույն է` մենք խաղում էինք հաղթելու, այլ ոչ թե գործը ետխաղային 11-մետրանոցների հասցնելու համար», - ասել է Հոջսոնը։
Իտալացիների մարզիչ Չեզարե Պրանդելին ասել է, որ երեկվա հանդիպման արդյունքն իր համար անակնկալ չէ։
«Ես գիտեմ, որ 11-մետրանոցը 80 տոկոսով վիճակախաղ է, բայց մենք իսկապես արժանի էինք հաղթանակի։ Երբ [Ռիկարդո] Մոնտոլիվոն վրիպեց, ես շատ տխրեցի, որովհետեւ նա այդ երեկո մեր թիմի ամենալավ ֆուտբոլիստներից էր», - ասել է Պրանդելին։
Մարզչի փոխանցմամբ, ինքն այդ պահին սեղմել է որդու` Նիկոլոյի ձեռքն ու ասել. - «Բախտավոր ես, փող չես վճարել այս խաղը դիտելու համար»։
Նիկոլո Պրանդելին հավաքականի մարզիչն է ֆիզիկական պատրաստվածության գծով։
«Երբ Անդրեա Պիրլոն մոտեցավ գնդակին, ես հանգիստ էի, Անդրեան աստղ է, նա գիտի` ինչ եւ ինչպես անել, եւ նա արեց այն, ինչ տեսաք», - ասել է Չեզարե Պրանդելին։
Խաղից հետո նրան զանգահարել եւ հաղթանակի առիթով շնորհավորել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն։
Երեկվա հանդիպումը բրիտանական եւ իտալական մամուլի ուշադրության կենտրոնում է։
«Անհեթեթություն եւ անարդարություն կլիներ զիջել անգլիացիների այս կարգի հավաքականին, որն առաջնորդվել է խաղը միայն քայքայելու նպատակով», - գրել է «Լա Ռեպուբլիկա»-ն։
«Թեպետեւ Պիրլոյի «գդալը» մեծ տպավորություն է թողել, այնուամենայնիվ, ոչ այնքան այդ 11-մետրանոցը, որքան իտալացիների ընդհանուր առավելությունն էր նրանց հաղթանակի երաշխիքը», - նշել է Լոնդոնում լույս տեսնող «Թելեգրաֆ»-ը։
33-ամյա Պիրլոն «Յուվենտուս»-ից է, նա աշխարհի չեմպիոն է` գավաթը շահել է 2006 թվականին Գերմանիայում անցկացված առաջնությունում։
Այսօրվա դրությամբ նրան համարում են «Կապույտ ընտրանու» ամենաօգտակար խաղացողը, ով ե՛ւ դիրիժորություն է անում, ե՛ւ խաղի տեմպն է սահմանում, ե՛ւ տուգանայիններն է իրականացնում։
Հունիսի 27-ին Դոնեցկում առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականները, իսկ հունիսի 28-ին Վարշավայում տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը` Գերմանիա - Իտալիա։
Բրոնզե մեդալներ կստանան երկու պարտվող թիմերը, հաղթողներն էլ հուլիսի 1-ին Կիեւում կայանալիք եզրափակիչում կմրցեն ոսկե եւ արծաթե մեդալների համար։