Մատչելիության հղումներ

Ռազմիկ Զոհրաբյան. «Սեփականատերը ի՞նչ անի»


Ռազմիկ Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար
Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը համաձայն չէ այն պնդումներին, որ «Հարսնաքար»-ի գործով պետք է պատասխանատվություն կրի նաեւ իր կուսակից գործընկեր Ռուբեն Հայրապետյանը:

Զոհրաբյանի խոսքերով` Հայրապետյանը ընդամենը «Հարսնաքար»-ի սեփականատերն է, հետեւաբար` ճիշտ չէ ռեստորանների աշխատակիցների պահվածքի համար պատասխանատվության ենթարկել սեփականատիրոջը:

Հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ։ Նրանից 35-ամյա Վահե Ավետյանը արդեն մեկ շաբաթ է անգիտակից վիճակում է: Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:

«Ռուբեն Հայրապետյանը սեփականատեր է այդ ռեստորանի, ինչպես շատ-շատ մարդիկ, ովքեր ունեն ռեստորաններ կամ այլ օբյեկտներ։ Հիմա պատկերացրեք, որ որ ռեստորանում կռիվ լինի` այդ ռեստորանի տիրոջը, որը, ասենք, ընդամենը գործի է ընդունել մարդկանց, աշխատանքի է ընդունել` սկսած սպասարկողից, անվտանգության աշխատակիցներով, այսինքն` անընդհատ ինքը պետք է պատասխա՞ն տա դրա համար։ Պատասխան պետք է տա այն անձը, որը խախտել է տվյալ, ասենք, կանոնադրությունը, պատիժը պետք է կրի համապատասխան օրենքի», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը։

Լրագրողներից մեկի հարցին, որ եթե Ռուբեն Հայրապետյանը «կանաչ լույս վառած» չլիներ, արդյոք «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցները կհամարձակվեի՞ն այդքան դաժան ծեծի ենթարկել զինվորական բժիշկներին, իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Եկեք ենթադրություններ չանենք` ով է կանաչ լույս տվել, ով է դեղին վառել կամ կարմիր, ամեն դեպքում` նա սեփականատեր է, եւ հիմա այդ սեփականատերը ի՞նչ անի։ Ասենք, ես էլ եմ մի ռեստորան գնում, հիմի էլ գան Զոհրաբյան Ռազմիկին կպնեն, թե «քո աշխատակիցը»... Է լավ չի աշխատում` կհեռացնենք, ասենք, ի՞նչ է եղել»։

Լրագրողները Հանրապետականի փոխնախագահին հարցրեցին, թե արդյոք իր համոզմամբ` Ռուբեն Հայրապետյանն այս դաժան ծեծկռտուքի համար անգամ մեկ տոկոս մեղքի բաժին չունի՞։ «Գիտեք ինչ, մեղքի բաժին ունի ամբողջ հասարակությունը, մշակույթը` իրար հարաբերվելու, մարդու իրավունքները հարգելու, այդ կոնտեքստում, որ բոլորս էլ մեղավոր ենք, Ռուբեն Հայրապետյանն էլ է մեղավոր», - պատասխանեց Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով` «նախատելի» է, որ նման միջադեպերի համար ոմանք պատասխանատու են համարում երկրի ղեկավարին: Ավելին` նա այդ միջադեպը կապում է ոչ թե երկրում առկա անպատժելիության, այլ համապատասխան մշակույթի բացակայության հետ. - «Պետք չէ պատասխանատվությունը միայն դնել իշխանության վրա: Հասարակությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը: Իհարկե, դատապարտելի է այդ երեւույթը… Ռեստորանը հասարակական հանգստի վայր է, եւ այդտեղ պետք է բոլորը իրենց պատշաճ պահեն` թե' սպասարկող անձնակազմը, թե' հաճախողները: Այս կուլտուրան, այս մշակույթը մեր մոտ մի քիչ խեղված է դեռեւս, հնուց է դա գալիս: Նման վայրերում, եթե մարդը խմած է կամ ավելորդ բաներ է թույլ տվել, անվտանգության աշխատակիցները ծեծելու համար չեն: Նրանք պետք է կարգի հրավիրեն»:

Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամին վերագրվող փողերի լվացման գործին, որի շրջանակներում արդեն մի քանի անգամ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ), «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը:

Իշխող կուսակցության փոխնախագահը չի կարծում, որ դա «քաղաքական պատվեր» է, ինչպես պնդում է Օսկանյանը:

«Ես չեմ կարծում, որ կան քաղաքական հետապնդումներ Վարդան Օսկանյանի նկատմամբ: Պարզապես ստուգումների ենթակա է… հարկայինի կողմից, եթե անվտանգությունն են փորձել ստուգել, ուրեմն ինչ-որ խնդիր կա նաեւ անվտանգության [հետ կապված], որովհետեւ դրսի եւ ներսի կապերի մասին է խոսքը: Գործը ստուգվում է, ու Վարդան Օսկանյանն էլ ազատ իր համար ման է գալիս, ի՞նչ քաղաքական հետապնդում»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե ստուգումները սկսվեցին միայն այն ժամանակ, երբ Օսկանյանը ակտիվացավ. - «Կապել ամեն ինչը դրա հետ… Եթե պետք լիներ, կարող էին նախընտրական շրջանում էլ ստուգել, եթե դա քաղաքական հետապնդում լիներ… Այդ մարդուն թողեցին խոսեց, արտահայտվեց, իր ասելիքն ասեց»:

Թեեւ Զոհրաբյանը չի բացառում, որ «Բարգավաճ Հայաստանը»-ը նախագահական ընտրություններում առաջադրի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, սակայն կարծում է, որ այդ կուսակցությունը 2013-ին կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:



Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG