Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ին չեն մտահոգել խորհրդարանականների սուր քննադատությունները


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Իշխող Հանրապետական կուսակցությանը չեն մտահոգել կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանում ծավալված սուր քննադատությունները:

Խորհրդարանի կողմից ձայների 75 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ընդունումից հետո հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցել է բարձր տրամադրությամբ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հերքելով այն լուրերը, թե նախագահը մտահոգված է եղել խորհրդարանական երկօրյա քննարկումների ժամանակ տիրող լարված մթնոլորտից:

«Հակառակը, բոլորիս տրամադրությունը շատ բարձր է եղել, որ եղել է կառուցողական քննարկում, որ կոալիցիոն ուժերը շատ բարձր մակարդակով նաեւ մեր փաստարկներն են հստակ ներկայացրել: Մենք շատ լավ եւ դրական ենք վերաբերվում առողջ, սուր քննադատությանը եւ գտնում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովը կարող է դառնալ առողջ քաղաքական մտքերի գեներացման կենտրոն», - ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց այն հանգամանքը, որ եթե նախկինում արտախորհրդարանական ընդդիմությունը քննադատում էր Ազատության հրապարակից եւ իրենք նրանց պատասխանում էին մամուլի միջոցով, ապա այժմ խորհրդարանի դահլիճում ուղիղ շփումը ապահովված է: Հարցին, թե իսկ ինչպե՞ս են վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների կողմից հնչեցված սուր քննադատությանը, արդյո՞ք ՀՀԿ-ին չի վրդովեցրել նախկին կոալիցիոն գործընկերոջ կեցվածքը, որը խորհրդարանի ամբիոնից չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, Շարմազանովը պատասխանեց. - «Վրդովմունքը քաղաքական կատեգորիա չէ: Շատ հանգիստ եւ թեթեւ, սովորական ենք վերաբերվում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ չի կազմելու կառավարություն: Մենք ամբողջական պատասխանատվության կրող ենք: Հանրապետականը շահեկանորեն տարբերվել է շատ քաղաքական ուժերից նրանով, որ երբեք իր վրայից պատասխանատվությունը չի գցել, ուրիշների նման չի ասել` ամեն ինչ վատ է, կամ երբ արդեն իշխանություն չի եղել, ասել է` ամեն ինչ վատ է: Բոլոր քաղաքական ուժերի քաղաքական գնահատականներին բնական ենք վերաբերվում»:

Եվ Էդուարդ Շարմազանովը, եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ու Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ որեւէ տեղեկություն չունեն այսօրվա այն հրապարակումների առնչությամբ, թե երեկ մինչ խորհրդարանը քննարկում էր կառավարության ծրագիրը, Գագիկ Ծառուկյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Ի դեպ, խորհրդարանի ամբիոնից վարչապետի եւ կառավարության հասցեին ամենասուր ելույթ ունեցողներից մեկը հենց Նաիրա Զոհրաբյանն էր: Հարցին, թե արդյո՞ք կառավարության ծրագրի քննադատության համար ճնշումներ չեն գործադրվել ԲՀԿ-ի վրա, Զոհրաբյանը պատասխանեց. - «Իհարկե, ոչ: Եվ ես չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան»-ը ապրիորի եւ անպատասխանատու քննադատությամբ հանդես չի եկել: Մենք անձնական վիրավորանքներ որեւէ մեկի հասցեին չենք հնչեցրել եւ ընդհանրապես գտնում ենք, որ քաղաքական բանավեճերը պիտի մնան քաղաքական հարթությունում, եւ սեփական կարծիք ունենալը չպիտի պատժվի, չպիտի ինչ-ինչ ոչ իրավաչափ հետեւանքների արժանանա»:

Զոհրաբյանը փոխանցեց, որ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի գործով կրկին ԱԱԾ հրավիրելը «չի ցանկանում» դիտարկել ԱԺ-ում նրա կոշտ ելույթների համատեքստում:

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումներին, ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այդպես էլ չմասնակցեց: Զոհրաբյանը հաստատեց, որ Ծառուկյանը այդ օրերին Հայաստանում է եղել: Խորհրդարանի նիստերից Ծառուկյանի բացակայությունը պայմանավորելով զուտ տեխնիկական պատճառներով` Զոհրաբյանը հերքեց այն լուրերը, որ նա նիստերին չի մասնակցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած խնդիրների պատճառով:

«Պետք չէ այստեղ որեւէ սենսացիա եւ դավադրությունների տեսություն փնտրել, զուտ տեխնիկական օբյեկտիվ պատճառներ կային, Ծառուկյանն այլ գործերով էր զբաղված: Բացառապես տեխնիկական պատճառներ էին, նա առաջիկայում մասնակցելու է ԱԺ-ի նիստերին», - նշեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանին, ապա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորելով, որ նոր գումարման խորհրդարանում ընդգրկված են եւ իրենց կարծիքն ազատ արտահայտում են «հասարակական եւ քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը», հայտարարեց, որ «պառլամենտարիզմը կշահի, եթե խորհրդարանական ուժերի մոտ ժխտողականությունը քիչ լինի»:

Նաիրա Զոհրաբյանը նոր գումարման խորհրդարանը համարում է նախորդից ավելի պրոֆեսիոնալ, որտեղ մեծ է «այնպիսի գործիչների թիվը, որոնք կարող են քաղաքական օրակարգ ձեւավորել եւ ԱԺ-ն վերածել բազմակարծության ամբիոնի»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` իրենց յոթ պատգամավորների ներկայությունն է խորհրդարանի մթնոլորտը փոխել:

«Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ հանրապետականները մշտապես հակված են լինելու օգտագործել կեղծված ընտրություններով ձեւավորված մեծամասնությունը մեր քննադատության դեմ, մեր նախաձեռնությունների դեմ: Սակայն մյուս կողմից համոզված ենք, որ այս նոր մթնոլորտը խորհրդարանում, գումարած մեր հանրահավաքային ակտիվությունը կարող են բերել լուրջ փոփոխությունների: Իշխանության աշխատանքի վրա կարող է ազդել միայն իշխանության կորստի վախը», - ասաց Զուրաբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG