Մատչելիության հղումներ

Ալեքսանյանը Գասպարիի ձեռքից խլել է պաստառը


Այսօր Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին միանձնյա ակցիա էր կազմակերպել` դատապարտելով հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպը:

Երբ Գասպարին հարցազրույց էր տալիս հեռուստաընկերություններից մեկի թղթակցին, նրան մոտեցել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ) եւ խլել ձեռքի պաստառը:

Վարդգես Գասպարին ի պատասխան սկսել է բղավել` «Սամվել Ալեքսանյան, հանցագործ», ինչից հետո «Ա1+»-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես մի զոլավոր վերնաշապիկով մարդ մոտենում է Գասպարիին, հրում նրան եւ տապալում գետնին:

Միջադեպից հետո Գասպարին մոտեցել է խորհրդարանի շենքի մոտ ծառայություն կատարող ոստիկանին, ներկայացրել է նրան միջադեպն ու հարցրել, թե ինչու վերջինս միջոցներ չձեռնարկեց` իրեն պաշտպանելու համար: Ոստիկանը պատասխանել է, թե ոչինչ չի տեսել, քանի որ ուրիշ կողմ էր նայում:

Ոստիկանության մամուլի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նաեւ ծառայողական քննություն է նշանակվել:

Էլինա Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG