Մատչելիության հղումներ

Անդրեյ Շեւչենկոն հրաժեշտ է տալիս հավաքականին


«Շեւան» Ուկրաինայի հավաքականում անցկացրել է 111 հանդիպում եւ 48 գոլ է խփել։

Հետխորհրդային Ուկրաինայի ֆուտբոլի ամենահայտնի աստղի` ռմբարկու Անդրեյ Շեւչենկոյի համար «Եվրո 2012»-ի խմբային փուլում անգլիացիների հետ 0-1 հաշվով պարտությամբ ավարտված հանդիպումը վերջինն էր հավաքականում։

Կիեւի «Դինամո»-ում հանդես եկող 35-ամյա «Շեւան» ասել է, որ այլեւս չի խաղալու ազգային ընտրանու կազմում։ Ենթադրվում է, որ այս տարվա օգոստոսին տեղի կունենա նրա հրաժեշտի հանդիպումը։

Չի բացառվում, որ ռմբարկուն կտեղափոխվի որեւէ հեռավոր երկիր, որտեղ եւ մի քանի տարուց ընդհանրապես կավարտի մարզական կարիերան։

Անդրեյ Շեւչենկոն սկսել է խաղալ Կիեւի «Դինամո»-ի կազմում, ապա պայմանագիր է կնքել «Միլան»-ի հետ, որի կազմում վաստակել է բազում տիտղոսներ, այդ թվում` 2003 թվականին ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։

2004 թվականին Շեւչենկոն ստացել է Ballon d'Or-ը` «Ոսկե գնդակ»-ը, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին։

Ուկրաինացի ֆուտբոլիստներից մինչ այդ «Ոսկե գնդակ» վաստակել են 1975 թվականին Կիեւի «Դինամո»-ի եւ ԽՍՀՄ հավաքականի գերաստղ, Ուկրաինայի հավաքականի ներկայիս մարզիչ Օլեգ Բլոխինը եւ 1986 թվականին` Կիեւի «Դինամո»-ի եւ ԽՍՀՄ հավաքականի հարձակվող Իգոր Բելանովը։

«Միլան»-ից «Շեւան» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», սակայն այդ ակումբի կազմում առանձնապես մեծ հաջողության չի հասել եւ վերադարձել է Կիեւի «Դինամո»։

Շեւչենկոն 1996 թվականից է ընդգրկվել Ուկրաինայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 111 հանդիպում եւ 48 գոլ է խփել, ի դեպ, վերջին երկուսը` Եվրոպայի այս առաջնությունում 2-1 հաշվով իր թիմի հաղթանակով ավարտված Շվեդիայի հավաքականի հետ հանդիպման ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG