Մատչելիության հղումներ

Ղարաբաղում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը


Այսօր պաշտոնապես մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների քարոզարշավը: Հիմնական համարվող երկու թեկնածուները` Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը առաջին հանդիպումներն անցկացրեցին ընտրողների հետ:

Նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը կոչվում է «Շարունակենք սկսածը` հանուն Արցախի» եւ ներկայացնում է անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը եւ առաջիկա անելիքը` ընտրվելու դեպքում:

Զոհվածների ընտանիքների հետ հանդիպմանը նա նշեց, որ թեեւ ամբողջությամբ չիրականացան 2007-ի խոստումները, այդուհանդերձ իր թիմի շնորհիվ երկրի առանցքային ոլորտներում զգալի առաջընթաց է արձանագրվել:

«Ով ուզում է տեսնել, նա կտեսնի այն դրականը, որ մենք ունեցել ենք այս 5 տարիների ընթացում: Մենք կարողացել ենք հասնել այս ամենին մեր քաղաքացիների եւ ողջ ժողովրդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես գնահատում եմ մեր ձեռքբերումները եւ կուզենայի, որ այն ունենա դրական աճի դինամիկա», - ասաց Սահակյանը:

Գործող նախագահին ու նախագահի թեկնածուին ուղղվող գրեթե բոլոր հարցերն առնչվում էին բնակարանային խնդրին, անապահով կենցաղին, հաշմանդամության նպաստներին:

Մյուս թեկնածուն` Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանը դեռ մինչեւ քարոզարշավի սկիզբը հասցրել է կտրուկ քննադատություն հնչեցնել գործող իշխանությունների հասցեին: Ընտրություններին Բալասանյանը մասնակցում է «Հերոս ժողովրդին` հերոս նախագահ» կարգախոսով:

Բալասանյանի առաջին հանդիպումը Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողների հետ էր, որոնցից մեկի հարցին, թե պատրաստ է արդյոք պարտություն կրելու դեպքում ղեկավարել ղարաբաղյան ընդդիմությունը, նախագահի թեկնածուն արձագանքեց. - «Իհարկե, ցանկացած դեպքում` կհաղթենք, թե կպարտվենք, ես տեր եմ կանգնելու բոլոր այն մարդկանց քվեներին, որոնք ինձ վստահել են: Եվ դա, կարծում եմ, անհրաժեշտ է եւ պարտադիր պայման է, որ Ղարաբաղը ունենա ընդդիմադիր դաշտ»:

Ուսանողներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց, թե համալսարանում գործի են դրվել վարչական ռեսուրսները, ինչի ապացույցը, ըստ նրա, կիսադատարկ դահլիճն է:

Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում նշանակված են հուլիսի 19-ին: Բացի Բակո Սահակյանից եւ Վիտալի Բալասանյանից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նաեւ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանին եւ թոշակառու Վալերի Խաչատրյանին:

please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG