Մատչելիության հղումներ

Ադրբեջանի առաջին նախագահը մտադիր է վերադառնալ հայրենիք


Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբով, արխիվային լուսանկար
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբով, արխիվային լուսանկար

Մութալիբովի համար նման ճանապարհ է բացում Ադրբեջանում վերջերս ընդունված օրենքը։

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը մտադիր է մեկ ամսից վերադառնալ հայրենիք։

Վերջերս ընդունված օրենքը վերադառնալու ճանապարհ է բացում նախկին նախագահի համար, որի դեմ Ադրբեջանում վաղուց քրեական գործ է բացված։

Հունիսի 12-ին Ադրբեջանում օրենք ընդունվեց, ըստ որի` երկրի նախագահն ու նրա կինը չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել նաեւ նախագահի պաշտոնաթողությունից հետո, նրանք մինչեւ կյանքի վերջ անձեռնմխելիության կարգավիճակ են ստանում։

Ադրբեջանի ընդդիմությունը հաճախ է քննադատում Ալիեւների ընտանիքին պաշտոնական դիրքը չարաշահելով հսկայական հարստություն կուտակելու մեջ։

Ընդունված օրենքը վերաբերում է Ադրբեջանի բոլոր նախագահներին, ուստի Մութալիբովը սկսել է մտածել տուն վերադառնալու մասին։

20 տարի առաջ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պետության դեմ գործած հանցագործության, պետական դավաճանության մեղադրանքով, դատախազությունը նրան կալանավորելու սանկցիա էր տվել։ 1992 թվականից Մութալիբովը քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, ապրում է Մոսկվայում։

«Թուրան» լրատվական գործակալության թղթակիցը երեկ հեռախոսով հարցազրույց է վերցրել Այազ Մութալիբովից։

Ադրբեջանի առաջին նախագահը հարցազրույցում ասել է, թի հիմա բուժվում է, ամենօրյա խնդիրներ է լուծում` տուն վերադառնալուց առաջ։

Մութալիբովը ասել է, որ իր վերադարձը չպետք է քաղաքականացնել, եւ իր վերադարձի շուրջ աղմուկ բարձրացնելու կարիք չկա։ «Ես սիրում եմ իմ ժողովրդին, իմ երկիրը եւ մինչեւ վերջ կծառայեմ նրանց», - հայտարարել է նա։

Մութալիբովը խուսափել է ուղղակի պատասխանել հարցին` արդյոք Ադրբեջանում զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ։ «Նախ եւ առաջ` ես պետք է հետ գամ, մնացած բոլոր խնդիրները կլուծվեն տեղում», - ասել է նա։

Մութալիբովը ավելացրել է, որ արդեն հուլիսին մտադիր է վերադառնալ Ադրբեջան, չնայած նախկին նախագահը որեւէ փաստաթուղթ, որեւէ հավաստիացում չի ստացել, որ կարող է վերադառնալ։ «Ես ամեն ինչի մասին իմացել եմ մամուլից», - «Թուրան»-ին ասել է Այազ Մութալիբովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG